Այլախոհությունն ու այլակարծությունը ճնշվում եւ հետապնդվում են. Գոհար Մելոյանը՝ «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելու մասին
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներ Կոնստանտին Տեր–Նակալյանի և Արթուր Դանիելյանի Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկելուն՝ նշելով, որ իրավունքի գերակայությունն այլևս արդիական չէ մեր երկրում։
«Բերման ենթարկվեցին նաեւ հասարակական-քաղաքական գործիչներ Արթուր Դանիելյանը եւ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Իրավունքի գերակայությունն այլեւս արդիական չէ մեր երկրում։ Այլախոհությունն ու այլակարծությունը ճնշվում եւ հետապնդվում են։
Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին, հասարակական կազմակերպություններին, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետեւել տեղի ունեցող գործընթացներին եւ տալ համարժեք գնահատականներ»,– ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանը` ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։










