Հոնկոնգի գիտնականները պատվաստանյութ են ստեղծել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ

02:26 • 29.01.20

Հոնկոնգցի հետազոտողների խումբը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել, սակայն երկար ժամանակ կպահանջվի դեղամիջոցի փորձարկումների համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով չինական աղբյուրին:

«Մենք արդեն ստեղծել ենք պատվաստանյութը, սակայն երկար ժամանակ պետք կգա կենդանիների վրա փորձարկումներ անելու համար»,-  ասել է Հոնկոնգի համալսարանի կենսաբան Յուեն Յունգը:

Մասնագետի խոսքով՝ փորձարկումները կենդանիների վրա կարող են ամիսներ տևել, իսկ կլինակական փորձարկումները մարդկանց վրա՝ առնվազն ևս մեկ տարի:

Նշվում է, որ գիտնականները ձևափոխել են սովորական գրիպի դեմ պատվաստանյութը՝ դրան ավելացնելով կորոնավիրուսի մակերեսային հակագենի մի մասը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շանհայի համալսարանին կից հիվանդանոցն ու չինական կենսատեխնոլոգիական ընկերությունը հաստատել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ծրագիրը: Ամերիկյան Johnson&Johnson ընկերության գիտաշխատակիցն էլ հայտնել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, և այն կարող է պատրաստ լինել առաջիկա ամիսներին:

Կորոնավիրուսով հիվանդացածների թիվը վերջին տվյալներով հասել է 4547-ի, որոնցից 106-ը մահացել են:

Հոնկոնգի գիտնականները պատվաստանյութ են ստեղծել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ