Facebook ընկերությունը կպայքարի նոր կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ

10:13 • 31.01.20

Facebook ընկերությունը հայտարարել է, որ կպայքարի նոր կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածման դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` ընկերության տարածած հայտարարությանը հղումով: 

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: ԱՀԿ-ն նաև բոլոր երկրներին կոչ է արել պայքարել վտանգավոր հիվանդության հարուցիչի վերաբերյալ կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման դեմ:

«Մենք կսկսենք ջնջել կեղծ հայտարարություններով կամ դավադրության տեսություններով կոնտենտը, որը, համաշխարհային կամ տեղական առողջապահական կազմակերպությունների կարծիքով, կարող է վնաս հասցնել դրան հավատացողներին»,- ասվում է հայտնի Facebook և Instagram սոցիալական ցանցերի ղեկավար ընկերության հայտարարության մեջ: 

Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի զոհ է դարձել 213 մարդ, վարակված է մոտ 9700-ը:

Facebook ընկերությունը կպայքարի նոր կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ