ՃՈ աշխատակիցն ինձ վիրավորելու, քաշքշելու համար բոլորի ներկայությամբ ներողություն խնդրեց և ընդունեց իր սխալը. փաստաբան Հայկ Հարությունյան

18:50 • 02.02.20

Փաստաբան Հայկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լ. Ղանդիլյանը չարաշահելով պաշտոնական լիազորությունները` հարձակվել էր իր վրա, հնչեցրել վիրավորանքներ, հրմշտել, ապա քաշքելով դուրս հանել աշխատասենյակից և շենքից, տեղեկացրել է, որ Ղանդիլյանն ընդունել է իր սխալն ու ներողություն խնդրել:

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ խնդիրը որևէ կոնկրետ ոստիկանը չէ, այլ համակարգի ընդհանուր բարեփոխումը: Ինձ, գործընկերներիս և հանրության համար շատ կարևոր է բարեխիղճ և պարտաճանաչ ոստիկանական համակարգ ունենալը: Համակարգն ավելի առողջ կլինի այն ոստիկաններով, որոնք ոչ թե փորձում են կոծկել այսպիսի միջադեպերը, այլ արժանապատվությամբ ընդունում են իրենց սխալներն ու վրիպումները:

Երեկվա միջադեպի հետ կապված պարտավոր եմ հաղորդել վերջին զարգացումների մասին: Այսօր, ՃՈ Գյումրու բաժանմունքի 2-րդ դասակի հրամանատար մայոր Լ.Ղանդիլյանի խնդրանքով ես ու գործընկերներս այցելեցինք բաժանմունք և հանդիպեցինք ինչպես իր, այնպես էլ երեկվա միջադեպին ներկա բոլոր ոստիկանների հետ: Խոսակցության ընթացքում, պարոն Ղանդիլյանը, ի պատիվ իրեն, ընդունեց, որ երեկ միջադեպը տեղի է ունեցել իր սխալի պատճառով, անհարկի նյարդայնացել է, որից հետո բոլորի ներկայությամբ ինձնից ներողություն խնդրեց:

Ես բարձր եմ գնահատում այս մարդկային վերաբերմունքը և այսպիսով հայտարարում եմ, որ կոնֆլիկտը հարթված և սպառված եմ համարում: Հուսանք` այլևս ոստիկանական համակարգում նման պատահարներ չեն լինելու և փաստաբան-ոստիկան հարաբերությունները լինելու են փոխադարձ հարգանքի և գործընկերային մթնոլորտում: Հարգելի լրատվամիջոցներ, տեղեկացնում եմ, որ վաղվա նախանշած ասուլիսը այս խնդրի շուրջ չի կայանալու»: