Զոհված զինծառայողի հարազատներից ոչ ոք, երթի որևէ մասնակից ոստիկանություն բերման չի ենթարկվել, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Էդգար Ջանոյան
Արմավիրի Հայթաղ գյուղի բնակիչները զոհված զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատների հետ այսօր պարբերաբար փակել էին Էջմիածին-Երևան ճանապարհը, իրականացրել երթ, այդկերպ իրենց անհամաձայնությունը հայտնելով հարուցված քրեական գործի հատկանիշներին, թե զինվորն ինքնասպան է եղել։
Սոցիալական ցանցերում տեղեկություններ է տարածվել, թե զոհված զինծառայողի հարազատները բերման են ենթարկվել ոստիկանություն։ Հարազատների հետ երթին մասնակիցներից մեկը Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ նման դեպք հայտնի չէ իրեն և հավելեց, որ գուցե ոստիկանների տրամադրած մեքենաներով տուն ուղևորվելն է տպավորություն ստեղծել, թե բաժին են տանում։
Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև ոստիկանության լրատվության վարչությունից։ «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, զոհված զինծառայողի հարազատներից, երթի մասնակիցներից ոչ ոք չի բերվել ոստիկանություն»,- ասաց լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նշենք, որ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս բաժին բերվելու մասին գրառում էր արել. «Զինվորի կյանքի համար պատասխանատուները ոստիկանություն են տարել սպանված զինծառայողի հարազատներին զսպելու, ընդ որում` կարմիր բերետավորները: Ամոթ և խայտառակություն»:










