Ավելի քան 3 մլրդ եվրո. Airbus-ը ռեկորդային տուգանք կվճարի տարբեր երկրներում տված կաշառքների համար

13:48 • 02.02.20

Օդանավերի արտադրությամբ զբաղվող Airbus ընկերությանը պարտավորեցրել են 3,6 մլրդ եվրո փոխհատուցում վճարել, քանի որ պարզվել է, որ ընկերությունը տարիներ շարունակ երկու տասնյակ երկրներում պայմանագրերի կնքման դիմաց խոշոր կաշառքներ է տվել:

Ինչպես հայտնում է theguardian.com-ը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հակակոռուպցիոն մարմինները հայտարարել են, որ սա աշխարհում կաշառք տալու համար երբևէ սահմանված խոշորագույն տուգանքն է։

Պարզվել է, որ ընկերությունը գաղտնի գործակալների ցանցի միջոցով տարբեր երկրներում մեծ գումարներ է վճարել թանկարժեք պայմանագրեր ձեռք բերելու նպատակով:

Խոսքը Մալայզիայի, Շրի Լանկայի, Ինդոնեզիայի, Թայվանի, Գանայի, Չինաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Քուվեյթի, Բրազիլիայի, Թուրքիայի և այլ երկների մասին է:

Ընդհանուր առմամբ, օդանավերի արտադրությամբ զբաղվող ընկերության դեմ հետաքննությունը տևել է չորս տարի: Ի վերջո, Airbus-ը համաձայնել է վճարել տուգանքը:

Գումարը կբաժանվի գործը հետաքննած երեք պետությունների կառավարությունների միջև: