Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացին տարհանվել և տեղափոխվել է Ղազախստան. ԱԳՆ
ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Չինաստանի Ուհան քաղաքում (կորոնավիրուսի կենտրոնն է) գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:
«Հայտնում ենք, որ փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղազախստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար»,– ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 304-ի: Ինչ վերաբերում է վարակվածներին, ապա ըստ Չինաստանի ազգային առողջապահական հանձնաժողովի տվյալների՝ նրանց թիվը հասել է 14,380-ի: Մինչդեռ Հոնկոնգի համալսարանի գիտական թիմի ուսումնասիկրության արդյունքները վկայում են, որ միայն համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքում վարակակիրները 75,815-ն են:
Վարակը տարածվել է աշխարհի ավելի քան քսան երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Շվեդրիայում, Ճապոնիայում:










