«Այժմ խուճապի որևէ պատճառ չկա». ԱՀԿ ղեկավարը կոչ է արել կորոնավիրուսի պատճառով խուճապի չմատնվել

17:59 • 03.02.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը կոչ է արել խուճապի չմատնվել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով, հայտնում է interfax.com.ua կայքը: 

«Այժմ այդ ամենը (վիրուսի վտանգավորությունը) այդքան մասշտաբային չէ: Պետք չէ որևէ բանից վախենալ»,- ասել է նա` հավելելով, որ «այժմ խուճապի որևէ պատճառ չկա»:

Միևնույն ժամանակ, Գեբրեյեսուսն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, աշխարհի երկրները «պետք է հիշեն տարածման (հիվանդության) ռիսկերի մասին և արդյունավետ միջոցներ ձեռնարկեն դրա կանխարգելման համար»:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր մահացու 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, մահացածների թիվը` 361-ի:

Ըստ կառույցի հայտնած տեղեկության` միայն փետրվարի 2-ին Չինաստանում գրանցվել է հիվանդության 2829 նոր դեպք և 57 մահվան դեպք:

«Ընդհանուր առմամբ, 189 583 մարդ շփման մեջ են եղել վարակվածների հետ, նրանցից 152 700-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո»,-ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: