«Երբեք Ուկրաինայի քաղաքներն այսպիսի վատ վիճակում չէին եղել». Սաակաշվիլին համեմատել է կենսամակարդակը ժամանակակից Ուկրաինայում և ԽՍՀՄ-ում (տեսանյութ)

09:40 • 03.02.20

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «112» ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ժամանակակից Ուկրաինայում կենսամակարդակը շատ ավելի վատ է, քան ԽՍՀՄ ժամանակներում:

«Երբեք Ուկրաինայի քաղաքներն այսպիսի վատ վիճակում չէին եղել, ամեն տարի ավելի վատ է դառնում իրավիճակը»,- հայտարարել է Սաակաշվիլին` նշելով, որ ամբողջ աշխարհը, ի տարբերություն Ուկրաինայի, առաջ է գնում ու զարգանում:

Քաղաքական գործչի խոսքով` ուկրաինացիներն անկախության տարիներին «հաջողության ոչ մի օրինակ չեն տեսել»:

«Հիմա գլխավորը գոնե ինչ-որ տեղ հաջողության հասնելն է, որպեսզի մարդիկ հավատան, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան ստացվում է»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականին, երբ նրա նկատմամբ հայրենիքում մի շարք քրեական գործեր էին հարուցվել, որոնցից մի քանիսով նա հեռակա կարգով դատապարտվել է բանտարկության: 2015 թվականի գարնանը նա հայտնվել է ուկրաինական քաղաքականության մեջ, երբ այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան նշանակեց Օդեսայի նահանգապետ` մինչ այդ տրամադրելով ուկրաինական քաղաքացիություն:

Սակայն արդեն 2016 թվականի նոյեմբերին Պորոշենկոն նրան ազատեց պաշտոնից` հայտարարելով, որ նա ոչ միայն չի կատարել շրջանը զարգացնելու իր խոստումները, այլև զգալիորեն նվազեցրել է Օդեսայի տնտեսական ցուցանիշները: 2017 թվականի հուլիսին Պորոշենկոն զրկել է Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից, որը վերականգնվել է միայն Վլադիմիր Զելենսկու իշխանության օրոք: