«Շերեմետևո» օդանավակայանում լքված երեխաների համար ժամանակավոր խնամակալներ են գտնվել

11:49 • 03.02.20

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հոր կողմից լքված երկու երեխաների տատիկն ու պապիկը ժամանակավոր խնամակալության են առել թոռներին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքի աշխատակազմի ներկայացուցչին:

«Օրենքով նրանց պետք է վճարեն»,-ասել է գործակալության զրուցակիցը` հստակեցնելով, որ մշտական խնամակալություն կարող է ձևակերպվել միայն այն դեպքում, երբ դատարանը ծնողներին զրկի ծնողական իրավունքներից:

Խաբարովսկի երկրամասի իշխանությունները միանգամյա օգնություն կտրամադրեն ընտանիքին:

«Մենք մեր աշխատակազմի կողմից քննարկում ենք միանգամյա վճար հատկացնելու հարցը»,-նշել է աշխատակազմի ներկայացուցիչը:

Հաղորդվում է նաև, որ տղաներից մեծին արդեն ուղարկում են դպրոց, փոքրն էլ արդեն մանկապարտեզ է հաճախում:

«Տատիկը երեկ տեսել է մանկապարտեզն ու խումբը, որտեղ փոքրը կհաճախի: Նրա հետ շփվել է նաև դպրոցի տնօրենը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի աշխատակիցներն առանց ծնողների ուղեկցության երկու երեխայի են նկատել, որոնց, ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, Խաբարովսկի երկրամասից Մոսկվա ժամանելուց հետո լքել է հայրը:

Աշխատակիցների խոսքով` 6 և 9-ամյա տղաների պայուսակում երկուսի ծննդյան վկայականներն ու մի գրություն են գտել, ըստ որի` հայրը գումար չունենալու պատճառով է լքել երեխաներին և խոստացել է ավելի ուշ մանկատնից վերցնել նրանց: Ավելի ուշ հայրը ներողություն է խնդրել կատարվածի համար: