Ռուսաստանը ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին կորոնավիրուսի ախտորոշման միջոցներ է փոխանցել

15:19 • 03.02.20

ՌԴ իշխանություններն անվերադարձ հիմունքներով Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ անդամ պետություններին են փոխանցել սեփական արտադրության լաբորատոր միջոցները, որոնք նախատեսված են նոր 2019-nCoV կորոնավիրուսի ախտորոշման համար:

Ինչպես նշում է ria.ru-ն, ավելի վաղ կորոնավիրուսի ախտորոշման համար նախատեսված ռուսական թեստ-համակարգերի անհրաժեշտ քանակ էր փոխանցվել Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ուզբեկստանին:

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության հայտարարությունում ասվում է, որ քայլն իրականացվում է հարևան պետություններում վարակային հիվանդությունների սպառնալիքների դեմ պայքարի ներուժն ամրապնդելու նպատակով:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր մահացու 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, մահացածների թիվը` 361-ի: Ըստ կառույցի հայտնած տեղեկության` միայն փետրվարի 2-ին Չինաստանում գրանցվել է հիվանդության 2829 նոր դեպք և 57 մահվան դեպք:

«Ընդհանուր առմամբ, 189 583 մարդ շփման մեջ են եղել վարակվածների հետ, նրանցից 152 700-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո»,-ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

 

Ռուսաստանը ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին կորոնավիրուսի ախտորոշման միջոցներ է փոխանցել