Ինչո՞ւ է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը պաշտոնից ազատվելուց մեկ տարի հետո կրկին նշանակվել նույն պաշտոնում. Արման Պետրոսյանի մեկնաբանությունը
Մեկ տարի առաջ ես ազատվել եմ աշխատանքից իմ դիմումի համաձայն, այն ժամանակ նպատակահարմար չեմ գտել իմ աշխատանքը շարունակելու, իսկ ներկայումս ստացել եմ առաջակ համաձայնել եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակված Արման Պետրոսյանը, ով մեկ տարի առաջ ազատվել էր այդ պաշտոնից:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետի հրամանով Արման Պետրոսյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Իսկ 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Արման Պետրոսյանը նշեց, որ դա իր անձնական խնդիրն է, թե ինչու նպատակահարմար չի համարել աշխատել: «Ղեկավարի հետ խոսել ենք, համարել ենք, որ իրար հետ հետագա համագործակցությունը նպատակահարմար չէ և որոշել եմ դիմում ներկայացնել ազատման, ներկայացրել եմ, և վարչապետը բավարարել է»,-ասաց նա:
Հարցին, թե Սարհատ Պետրոսյանի հետ է խնդիրը կապված եղել, քանի որ այն ժամանակ կոմիտեի ղեկավարը հենց նա է եղել, Արման Պետրոսյանը պատասխանեց, որ ընդհանրապես խնդիր չի եղել:
Դիտարկմանը, թե այսինքն, երբ Սարհատ Պետրոսյանն է եղել կոմիտեի ղեկավարը, նպատակահարմար չեք գտել աշխատել, բայց երբ կոմիտեի ղեկավարը փոխվել է արդեն նպատակահարմար եք գտել, Արման Պետրոսյանն ասաց.«Այդ ժամանակ ստացել եմ առաջարկ շարունակելու իմ գործունեությունը Կադաստրի կոմիտեում, քանի որ 2006 թվականից ընդունվել եմ որպես առաջատար մասնագետ, տարբեր վարչությունների պետ եմ եղել և համաձայնել եմ»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ղեկավարի փոփոխությամբ է Ձեր վերադարձը պայմանավորված, նա պատասխանեց, որ «միանշանակ չէ» և ավելացրեց, որ փաստերը դա են ցույց տալիս։
Նա նշեց, որ Սարհատ Պետրոսյանի հետ աշխատանքի ընթացքում որևէ անհամաձայնություն չի եղել: «Կան մասնագիտական մոտեցումներ, դիրքորոշումներ, այդ պահին գտել եմ, որ իմ աշխատանքը նպատակահարմար չէ, ներկայացրել եմ դիմում»,-հավելեց նա:
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Արման Պետրոսյանի` կրկին նույն պաշտոնին վերադառնալու որոշմանը:
«Այս որոշումը ևս մեկ անգամ լավագույնս բնորոշում է պետական կառավարման համակարգի խայտառակ վիճակը. վարչապետի աշխատակազմի առաջարկով 2019-ին քաղաքական որոշում է կայացվում մարդուն ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից, իսկ ուղիղ մեկ տարի անց վերանշանակվում է նույն պաշտոնին։ Մնացած մանրամասներին կանդրադառնամ մի օր երեւի։ Հեղափոխությո՞ւն, չենք լսել նման բան..»,-գրել էր Սարհատ Պետրոսյանը:










