Թրամփը Կոնգրեսին կոչ է արել ամբողջապես ֆինանսավորել ամերիկացի տիեզերագնացներին Լուսին ուղարկելու ծրագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից հանդես է եկել ամենամյա ուղերձով (State of the Union Address), որի ժամանակ անդրադարձ է արել նաև երկրի ավիատիեզերական ոլորտին՝ Կոնգրեսին կոչ անելով ամբողջապես ֆինանսավորել ամերիկացի տիեզերագնացներին Լուսին ուղարկելու ծրագիրը:
Ինչպես հայտնում է Yahoo News-ը, Թրամփն ընդգծել է, որ օրենսդիրները պետք է միշտ հիշեն ԱՄՆ-ի՝ առաջատար լինելու փաստն ու շարժվեն է՛լ ավելի առաջ՝ դեպի Լուսին:
«Խնդրում եմ Կոնգրեսին ամբողջապես ֆինանսավորել «Արտեմիս» ծրագիրը՝ երաշխավորելու համար, որ Լուսնի մակերևույթին վայրէջք կատարող հաջորդ կինն ու տղամարդն ամերիկացի տիեզերագնացներ են լինելու, և սա օգտագործելով որպես արձակման հարթակ՝ երաշխավորելու համար, որ Ամերիկան կլինի Մարսի վրա դրոշ ծածանած առաջին պետությունը»,-ասել է նախագահը:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Ապոլլոն 17» լուսնային առաքելության 45-ամյակի կապակցությամբ Թրամփը ստորագրել էր փաստաթուղթ, որով ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) պետք է առաջիկա մի քանի տարում տիեզերագնացներին Լուսին ուղարկի:
Անցած տարվա մայիսին Սպիտակ տունը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՍԱ-ի ֆինանսավորումն ավելացնել 1,6 մլրդ դոլարով, որպեսզի հնարավոր լինի «Արտեմիս» լուսնային առաքելության իրագործումը:










