Էկրանը՝ 3 մ, գինը՝ 130 000 դոլար. բրիտանական բրենդը «բացառիկ» հեռուստացույց է վաճառքի հանել

13:22 • 05.02.20

Բարձրակարգ ջրակայուն հեռուստացույցների արտադրությամբ զբաղվող բրիտանական Aquavision բրենդը ներկայացրել է առ այսօր իր ամենաճոխ արտադրանքը:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, DB100 անվանումը ստացած նորույթն ունի 4K լուծաչափով երեք մետր անկյունագծով ահռելի LCD էկրան: Սակայն էկրանի տպավորիչ մեծությունը հեռուստացույցի միակ առավելությունը չէ. այն չորս կողմից ոսկեզօծ շրջանակի մեջ է առնված: Մասնագետներն աշխատանքի ընթացքում օգտագործել են 24 կարատանոց ոսկի:

Ինչ վերաբերում է աուդիո համակարգին, ապա այն ստեղծվել է ոլորտի առաջատարներից մեկի՝ Bang & Olufsen բրենդի հետ համագործակցության արդյունքում:

Բացի այդ, հեռուստացույցը ջրակայուն է, ինչը նշականում է, որ այն կարելի է տեղադրել շքեղ զբոսանավերում և բաց տարածություններում:

Հեռուստացույցն արժե 130 000 դոլար: Այն վաճառքի է հանվել լոնդոնյան հեղինակավոր Harrods հանրախանութում: 

Ընկերության ղեկավարը հայտնել է, որ բարձր գնից անկախ՝ իրենք այս մոդելի բազմաթիվ պատվերներ են ստացել Մեծ Բրիտանիայից, Մերձավոր Արևելքից ու ԱՄՆ-ից:

«Մենք համոզված ենք, որ սա երբևէ աշխարհում արտադրված ամենահրաշալի և բացառիկ հեռուստացույցն է»,-ասել է Aquavision-ի հիմնադիր-տնօրենը:

Նա հավելել է, որ աշխարհում աճում է լյուքս դասի տեխնիկայի պահանջարկն ու հեռուստացույցների շուկան այդ առումով բացառություն չէ:

Էկրանը՝ 3 մ, գինը՝ 130 000 դոլար. բրիտանական բրենդը «բացառիկ» հեռուստացույց է վաճառքի հանել