Տիեզերագնաց Քրիստինա Կոխը վերադարձել է տիեզերքում 328 օր տևած ռեկորդային ուղևորությունից

20:14 • 06.02.20

ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Քրիստինա Կոխը վերադարձել է Միջազգային տիեզերակայանում իր առաջին ուղևորությունից՝ միևնույն ժամանակ ռեկորդ սահմանելով:

Ինչպես հայտնում է CNN-ը, Կոխն իրականացրել է կնոջ կողմից ամենաերկար տիեզերական թռիչքը և իր գործընկեր, ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ջեսիկա Մեյրի հետ միասին կյանքի է կոչել միայն կանանցից բաղկացած անձնակազմի առաջին տիեզերական առաքելությունը:

«Մենք իրար էինք նայում և գիտակցում էինք, որ իսկապես պատվի ենք արժանացել՝ հնարավորություն ունենալով ոգեշնչելու շատ-շատերին: Գիտակցելով, որ երկու կանացի ձայն էր հնչում տիեզերակայանից, և որ նրանք միասին էին լուծում խնդիրները, դա իսկապես հատուկ զգացողություն էր»,- ասել է Կոխը՝ նկարագրելով իր տպավորությունները:

Կոխը Երկիր է վերադարձել հինգշաբթի վաղ առավոտյան Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Լուկա Պարմիտանոյի և ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Սկվորցովի հետ միասին: Նրանց Երկիր է հասցրել «Սոյուզ» տիեզերանավը, որը վայրէջք է կատարել Ղազախստանում:  

Միջազգային տիեզերակայանում նա 328 օր է անցկացրել՝ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը սահմանել էր Փեգի Ուիթսոնը: Առաքելության ընթացքում Կոխը վեց անգամ միայնակ դուրս է եկել բաց տիեզերք, ևս երկու անգամ Մեյրի հետ՝ տիեզերակայանից դուրս անցկացնելով 42 ժամ, 15 րոպե:
 


Տիեզերագնաց Քրիստինա Կոխը վերադարձել է տիեզերքում 328 օր տևած ռեկորդային ուղևորությունից