Չինաստանում կհետաքննեն կորոնավիրուսի մասին նախազգուշացրած բժիշկ Լի Վենլյանի մահվան գործը

13:31 • 07.02.20

Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կարգապահության ստուգման կենտրոնական կոմիտեի հատուկ տեսչական խումբը կմեկնի Ուհան քաղաք՝ 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորից բժիշկ Լի Վենլյանի մահվան հետաքննության համար,  որը դեկտեմբերին առաջիններից մեկն էր հայտնել հիվանդության բռնկման մասին, սակայն իշխանություններն անտեսել էին բժշկի հայտարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Տեսչական խումբ կուղարկվի Հուբեյ նահանգի Ուհան քաղաք, որը կանցկացնի բժիշկ Լի Վենլյանին վերաբերող համակողմանի հետաքննություն»,- ասված է հանձնաժողովի կայքում հրապարակված հակիրճ հայտարարության մեջ:

Լի Վենլյանը լույս փետրվարի 7-ին մահացել է այդ հիվանդության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով:

Ուհանի Կենտրոնական հիվանդանոցի բժիշկ Լի Վենլյանը դեկտեմբերի 30-ին չինական WeChat սոցցանցում իր գործընկերներին պատմել էր ծովամթերքի «Հուանան» շուկայում SARS վարակի 7 նոր դեպքի հաստատման մասին: Նա չգիտեր, որ նոր կորոնավիրուսը տարբերվում է նախկինում հանդիպած վարակից: Լիի հրապարակումը մեծ արագությամբ տարածվել էր նաև այլ սոցիալական ցանցերում, քանի որ մարդիկ վախենում էին SARS վիրուսի հնարավոր վերադարձից:

Հաջորդ օրը Լին և 7 այլ բժիշկ հրավիրվել էին Ուհանի ոստիկանություն: Նրանց նախազգուշացում էին տվել և ասել, որ այլևս «կեղծ առցանց հայտարարություններ» չանեն, քանի որ դրանք կարող են խախտել հասարակական կարգը: 

Հունվարի 11-ին Լին Weibo միկրոբլոգի իր էջում գրել էր, որ հազ և բարձր ջերմություն ունի: Իսկ ուրբաթ արված իր վերջին հրապարակման մեջ նա հաղորդել էր, որ իր մոտ հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքը: