«Ձեր բախտը բերում է». Լուկաշենկոն Սոչիում Պուտինի հետ բանակցություններ սկսելուց առաջ դժգոհել է ձյան սակավությունից (տեսանյութ)

15:56 • 07.02.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենում Սոչիում, կատակով դժգոհել է, որ Սոչիում իր կեցավայրում գրեթե ձյուն չկա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու երկրների նախագահները բանակցություններ են անցկացնում Սոչիում, նրանք մտադիր են քննարկել երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր, նավթագազային խնդիրները: Նրանք նախ կանցկացնեն դեմառդեմ հանդիպում, այնուհետև նրանց կմիանան երկու երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները:    

«Ձեր բախտը բերում է, շատ ձյուն կա: Այնտեղ, որտեղ ես եմ մնում, գրեթե ձյուն չի մնացել: Ահա այնտեղ, մի քիչ ներքև»,- ցույց է տվել Լուկաշենկոն` նկատի ունենալով Սոչիում իր կեցավայրը: 

Ի պատասխան, Պուտինը ցույց է տվել լեռների ուղղությամբ` ասելով, որ այնտեղ ավելի շատ ձյուն կա: 

Դրանից հետո Պուտինը հրավիրել է Լուկաշենկոյին զրույցի, և առաջնորդները ժպտալով գնացել են բանակցելու: 

Նշենք, որ վերջին շրջանում Լուկաշենկոն հաճախ է ՌԴ-ին ուղղված քննադատությամբ հանդես գալիս, իսկ վերջերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Մինսկ այցից հետո, երկու երկրների հարաբերություններում առաջընթաց է նկատվում: Անգամ հայտարարվել էր, որ Բելառուսը մոտ ժամանակներս դեսպան կուղարկի ԱՄՆ: 

2006 թվականին ԱՄՆ-ն «մարդու իրավունքների խախտման» և «ժողովրդավարական ինստիտուտների խարխլման» մեղադրանքով պատժամիջոցներ էր սահմանել որոշ բելառուս քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ: 2008 թվականին երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին: Այդ ժամանակվանից ի վեր դեսպանությունները ղեկավարում էին ժամանակավոր հավատարամատարները:  

2015 թվականին Վաշինգտոնը մասնակի կասեցրել է պատժամիջոցները և ամեն տարի երկարաձգել է այդ որոշումը: 2019 թվականին Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել էր Մինսկում ամերիկյան դիվանագետների նկատմամբ սահմանափակումները չեղարկելու մասին: