Ճապոնիայի ջրերում գտնվող կրուիզային նավի ևս 41 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնիայի Յոկոհամայի նավահանգստի մերձակա ջրերում Diamond Princess կրուիզային նավի ևս 41 ուղևորի մոտ 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության հայտարարությանը:
Այսպիսով` նավի վրա վարակվածների ընդհանուր թիվը հասել է 61-ի: Նոր վարակված մարդկանց քաղաքացիությունն այժմ պարզվում է:
Diamond Princess նավի վրա նոր վարակվածների թվի ավելացման հետ կապված` Կրուիզային նավերի միջազգային ասոցիացիան ծանուցում է հրապարակել, ըստ որի Չինաստանից ժամանած ուղևորների մուտքը կրուիզային նավեր խստիվ արգելվում է:
Նոր կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի հայտնաբերումից հետո Diamond Princess կրուիզային նավը Յոկոհամայի նավահանգստում կարանտինային գոտի է տեղափոխվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նավի վրա ընդհանուր առմամբ գտնվում է 3700 ուղևոր և անձնակազմի անդամ: Ավելի վաղ հայտնի էր դարձել նավում մոտ 10 հոգու վարակված լինելու մասին:
«Մենք բուժզննում իրականացրինք նավի բոլոր ուղևորների և անձնակազմի համար: Անալիզներ են վերցվել 273 հոգուց, որոնք կա՛մ շփում են ունեցել վարակվածների հետ, կա՛մ հիվանդության ախտանշաններ են ունեցել: Այս պահին մենք ստացել ենք 31 մարդու թեստի պատասխանները, որոնցից 10-ը դրական են»,- Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր առողջապահության նախարար Կացունոբու Կատոն:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թվին, ապա ըստ չինական իշխանությունների՝ մահացել է 636, վարակվել` 31 161 մարդ, իսկ հիվանդանոցից դուրս է գրվել 1540 մարդ:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:


















