«Մերոնք-չմերոնքի, սև-սպիտակի» իշխանության մոտեցումներին Ջավախքը մի խառնեք. պատմաբան Վահե Սարգսյանը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ Ջավախք այցելության մասին

13:55 • 08.02.20

Պատմաբան Վահե Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ Վրաստան կատարած այցին և այդ շրջանակում նրա՝ Ջավախք մեկնելուն, որն ըստ Սարգսյանի՝ ամոթն ու խայտառակություն էր։

Բանն այն է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ախալցխայի և Ախալքալաքի որոշ լրատվական շրջանակների հետ և այցելել Արմաթ նորաբաց կենտրոն:

Սինանյանը, սակայն նպատակահարմար չի համարել այցելելու Ջավախքում տասնամյակներով կրթամշակութային և բարեսիրական գործունեություն ծավալող Հայ օգնության միության (ՀՕՄ) գրասենյակ:

Վահե Սարգսյանը փաստում է, որ Սինանյանը չի այցելել նաև Ջավախքի համահայկական ամենակուռ կառույցներից մեկի՝ Համազգային Հայ կրթամշակութային միության Ախալքալաքի նորաբաց կենտրոնը, որից, ի դեպ, նա ընդամենը օրեր առաջ հրավեր էր ստացել՝ մասնակցելու Աշուղ Ալիք Ջավախքի 70-ամյակին։

Ֆեյսբուքյան գրառման հեղինակն այս ամենը պատճառաբանում է՝ «մերոնք-չմերոնքի և սև-սպիտակի» իշխանության մոտեցումներով նաև հավելում, որ Սինանյանի հրահանգիչ-վարչապետները Երևանում, նույնանման կրկեսն են փորձել ցուցադրել Ջավախքում. «Սրանց համար սևեր-սպիտակները ամենուր են, անգամ հանրապետության սահմաններից դուրս։ Չնայած Ջավախքում կան միայն համազգային խնդիրներ, սակայն, միևնույն է, այստեղ ևս գտել են իրենց թշնամիներին»։

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ախալցխայում, որի երկա էին նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն: