Թաիլանդում հրաձգության զոհերի թիվը հասել է 17-ի. կրակ բացած զինվորն ուղիղ եթերով հեռարձակել է տեղի ունեցողը. նոր տեսանյութ է հրապարակվել

21:07 • 08.02.20

Թաիլանդի Կորատ քաղաքում հրաձգություն իրականացրած զինվորը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է տեղի ունեցող դեպքերը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նրա էջն արդեն ապաակտիվացվել է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, զինվորականը կրակ էր բացել տեղի առևտրի կենտրոններից մեկի այցելուների ուղղությամբ, որից հետո թաքնվել է կենտրոնի տարածքում: Նրա գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի մասին:

Թաիլանդական աղբյուրի տվյալներով նա ուղիղ եթերում հեռարձակել է հրաձգության կադրերը, ինչպես նաև սելֆի է արել հրացանը ձեռքին:

Հաղորդվում է, որ հատուկջոկատայինները հարյուրավոր մարդկանց են դուրս բերել առևտրի կենտրոնից, որտեղ գտնվում է զինվորը:

Վերջինիս մայրը փորձում է համոզել նրան հանձնվել: Վերջին տվյալներով 21 մարդ վիրավոր է, 16 մարդ շարունակում է պատանդ մնալ:  

Հիշեցնենք, որ զինվորը իր զորամասից գողացել է HamVee զինվորական ամենագնացը և այն վարել քաղաքի փողոցներում`պարբերաբար ինքնաձիգից կրակ բացելով մարդկանց վրա: Նա կանգնել է քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ և սկսել է կրակել հաճախորդների վրա: