Ուհանում շահագործման է հանձնվել կորոնավիրուսի բուժման գծով մասնագիտացած երկրորդ հիվանդանոցը

14:26 • 08.02.20

Չինական Ուհան քաղաքում փետրվարի 8-ին շահագործման է հանձնվել սեղմ ժամկետներում կառուցված, կորոնավիրուսի բուժման գծով մասնագիտացած երկրորդ հիվանդանոցը` «Լեյշենշան»-ը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

Աշխատակիցների մի մասն արդեն ժամանել է հիվանդանոց, նրանք պատրաստվում են ընդունել հիվանդներին, որոնց, ինչպես սպասվում է, հիվանդանոց կբերեն այսօր` փետրվարին 8-ին: Այստեղ կտեղափոխվեն միայն այն հիվանդները, որոնց ախտորոշումը հաստատվել է:

Ուհանի արվարձանում կառուցված հիվանդանոցը զբաղեցնում է 79 000 քմ տարածք, որի մեծ մասը նախատեսված է հիվանդների համար, 10 մասնաշենք նախատեսված է բժշկական անձնակազմի և նյութատեխնիկական միջոցների համար: Բժիշկների համար ընդհանուր առմամբ ստեղծվել է 264 սենյակ, որոնցից յուրաքանչյուրում կարող է ապրել 6 մարդ, սենյակներում տեղադրված է երեք երկհարկանի մահճակալ, կա օդորակիչ, հեռուստացույց, այլ էլեկտրական համակարգեր, առանձին լոգարան:

Վերջնական տվյալների համաձայն ՝ հիվանդանոցը բաղկացած է 32 բաժնից, որտեղ տեղադրվել է 1500 մահճակալ, յուրաքանչյուր հիվանդասենյակում, բացի ծանր հիվանդների բաժանմունքից, կլինի 2 հիվանդ: Մոտ երկու հազար բժիշկ կսպասարկի հիվանդանոցը:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Համաճարակի սկսվելու պահից մահացածների ընդհանուր թիվը հասել է 724-ի, ընդհանուր վարակվածների թիվը 34 876 է:

Օրերս Չինաստանի իշխանությունները հրապարակել էին համաճարակի կենտրոն դարձած Ուհան քաղաքում նոր հիվանդանոցի կառուցման արբանյակային լուսանկարները: Քաղաքի հարավային հատվածում Huoshenshan կամ Fire God Mountain Hospital անվանումով հիվանդանոցը Չինաստանում զրոյից կառուցված, հատուկ կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված առաջին բուժհաստատությունն է: Շինությունը կառուցվել է տասն օրվա ընթացքում և արդեն հասցրել է ընդունել հիվանդների առաջին խմբին: