Կրթության ոլորտի բնականոն զարգացումն անհամադրելի է հախուռն հեղափոխականության հետ. Անահիտ Ֆարմանյան
Բարձրագույն կրթական համակարգում դեռևս առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ և լուրջ մարտահրավերներ: Իրականացված փոփոխությունները դեռևս ունեն զարգացման ու ամրապնդման անհրաժեշտություն: Այս մասին հոդված է գրել է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, բարձրագույն կրթության որակի ապահովման փորձագետ Անահիտ Ֆարմանյանը` ներկայացնելով կարճ ժամկետում ծրագրային հավատարմագրման հիմնախնդիրները և լուրջ վտանգներն ու առաջարկելով դրանց լուծումները: Tert.am-ն Անահիտ Ֆարմանյանի հոդվածը ներկայացնում է ամբողջությամբ:
«Ինչպես հայտնի է 2005թ.-ի մայիսին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես միացավ Բոլոնյան գործընթացին՝ նպատակադրվելով ինտեգրվել Եվրոպական Բարձրագույն Կրթության Տարածքին (ԵԲԿՏ) և Եվրոպական Հետազոտական Տարածքին (ԵՀՏ): Ինտեգրման գործընթացն ինքնին ենթադրում էր խորքային փոփոխությունների իրականացում բուհերում՝ Բոլոնյան գործընթացի պահանջներին համապատասխան: Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվեցին բազմաթիվ աշխատանքներ` զուգահեռ ստեղծելով նոր և կարևոր ենթակառուցվածքային միավորներ: Չնայած իրականացված հսկայածավալ աշխատանքներին՝ բարձրագույն կրթական համակարգում դեռևս առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ և լուրջ մարտահրավերներ: Իրականացված փոփոխությունները դեռևս ունեն զարգացման ու ամրապնդման անհրաժեշտություն: Շատ դեպքերում բարեփոխումների իրականացմանը խոչընդոտել է օրենսդրական կարգավորումների բացակայությունը կամ անհամապատասխանությունը, ինչն արձանագրվել է վերջին 4-5 տարիների ընթացքում: Օրենսդրական փոփոխությունը իրոք պարտադիր էր:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում ամրագրված բազմաթիվ հոդվածներուղղակի անհրաժեշտություն են բարձրագույն կրթության զարգացման մարտահրավերին դիմակայելու, առաջընթացի և բնականոն զարգացման համար, սակայն պետք է նկատենք, որ ներկայացված նոր օրենքի նախագծում առկա են նաև մեխանիկական և հեղափոխական մոտեցումներ, որոնք ոչ միայն կարող են խոչընդոտել բուհերի բնականոն զարգացմանը, այլևկարող են ուղղակի կործանարարլինել բուհերի համար:
Նկատենք, որ օրենքի նախագծում ամրագրվել է շատ կարևոր և միաժամանակ բավականին մտահոգիչ հոդված. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների աստիճանաշնորհող կրթական ծրագրերը (այդ թվում` ինտեգրված ծրագրով ուսումնառության) իրականացման առաջին շրջափուլի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում ենթակա են ծրագրային հավատարմագրման։ Ընդ որում վերջին պահանջները չբավարարելու դեպքում կրթական ծրագրի գործունեությունը դադարեցվում է: Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումն իրականացվում է ըստ առանձին բուհերի և դրանց կրթական ծրագրերի կամ տվյալ ակադեմիական ոլորտում ներառված կրթական ծրագրերի խմբերի։ Ծրագրային հավատարմագրման համար կարող է դիմել միայն ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհը կամ բուհի մասնաճյուղը։
Բնականաբար,օրենսդրական կարգավորման խնդիր ուներ բուհերի կրթական ծրագրերի ծրագրային հավատարմագրումը, որը էական ազդեցություն կունենա կրթության որակի ապահովման տեսանկյունից՝ նպաստելով բուհում որակի ապահովման մշակույթի ձևավորմանը: Սակայն այս գործընթացը չի կարող կրել մակերեսային և մեխանիկական բնույթ՝ վտանգելով անգամ առկա ձեռքբերումները:
Արդյո՞ք լուրջ վերլուծություն իրականացվել է այս ուղղությամբ, և արդյո՞ք բուհերը կարող են դիմակայել այս մարտահրավերին, իհարկե՝ ոչ: Բուհերը, ինչպեսֆինանսական և մարդկային ռեսուրսների առումով, այնպես էլ ենթաօրենսդրական ակտերի բացակայության և կարճ ժամանակահատվածի առումով չեն կարող դիմակայել այս մարտահրավերին: Կարճ ժամանակահատվածում բոլոր կրթական ծրագրերի հավատարմագրումը ծախսատար է ու ոչ իրատեսական, հատկապես մի քանի տասնյակ կրթական ծրագիր ունեցող խոշոր բուհերի համար:
Մինչ այս պահը գործող օրենսդրական ակտերի հիման վրա ենթակառուցվածքային (ինստիտուցիոնալ) հավատարմագրումը պարբերաբար կրկնվող (շրջափուլային) պարտադիր գործընթաց է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունների համար, իսկ մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով, միայն ենթակառուցվածքային հավատարմագրման դրական արդյունքի դեպքում` բացառությամբ բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի: Ինստիտուցիոնալ հավատարմագրման առաջին փուլի վերջնաժամկետ սահմանվեց 2018թ.-ի դեկտեմբերի 30-ը:
Մինչև 2018թ.-ի դեկտեմբերի 30-ը ՀՀ-ում գործող պետական բոլոր բուհերն անցան ինստիտուցիոնալ հավատարմագրում, որի արդյունքում բուհերին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում կամ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն իրականացնելու համար բուհերից պահանջվեց10-13 տարի, իհարկե դեռևս առկա բազմաթիվ հիմախնդիրներով և նոր մարտահրավերներով:Ինստիտուցիոնալ հավատարմագրումն անհրաժեշտ գործընթաց էր բուհերի համար: Այն վեր հանեց բուհերի կառավարման խնդիրները և, դուրս գալով Եվրոպական բարձրագույն կրթության ու Եվրոպական հետազոտական տարածքներին ինտեգրման Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունից, բարձրագույն կրթության ու գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա մարտահրավերներից, ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձաքննության արդյունքում փորձագետների խորհրդատվություններից, բուհում առկա ռեսուրսներից կամ հնարավորություններից, վերանայվեցին կամ մշակվեցին բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը, գործընթացների բարելավման պլանը՝ համապատասխան ժամանակացույցով:
Բուհերի կառավարման համակարգում ընդգրկված ցանկացած դերակատար համոզվեց և արժևորեց գործընթացի կարևորությունը, ինչպես նաև մաշկի վրա զգաց հավատարմագրման գործընթացի հաջորդական փուլերի ծանրությունը, շրջափուլային բնույթի և որակի ապահովման մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը:
Ինստիտուցիոնալ հավատարմագրումը ինքնին բարդ, ծախսատար և պատասխանատու գործընթաց է: Այսօր բուհերի մի մասն արդեն պատրաստվում է վերահավատարմագրման կամ վերահավատարմագրվել է և այս գործընթացին ավելանում է կարճ ժամանակահատվածում բոլոր կրթական ծրագրերի հավատարմագրումը, որը իրատեսական չէ:
Ներկայացնեմ կարճ ժամկետում ծրագրային հավատարմագրման հիմնախնդիրները և լուրջ վտանգները՝
1. Ենթաօրենսդրական ակտերի և մեթոդական ուղեցույցների բացակայություն:
Ըստ օրենքի նախագծի`բարձրագույն կրթության կրթական ծրագրերը կազմվում են Որակավորումների Ազգային Շրջանակի (ՈԱՇ) և Որակավորումների Ոլորտային Շրջանակների(ՈՈՇ) մակարդակների նկարագրիչների պահանջներին համապատասխան։
Նկատենք, որ 2016թ.-ին Կառավարության կողմից հաստատվեց ՈԱՇ-ը, որը դեռևս չի մարսվել բուհերի պրոֆեսորադասախոսական(ՊԴ) կազմի լայն շրջանակի կողմից, էլ չենք խոսում ուսանողների ու գործատուների մասին: Դրա վառ վկայությունը նաև այն էր,որ վերջերս անընդմեջ բարձրաձայնվում էնոր նախագծում «Հայոց լեզու և գրականություն» և«Հայոց պատմություն» առարկաների բացակայության մասին: Սակայն ՈԱՇ-իպահանջները բավարարելու համար բուհերը ուղղակի չեն կարող կրթական ծրագրում չիրականացնել նմանատիպ առարկաներ: ՈԱՇ-ն անգամ չի մարսվել այս պահին ղեկավարող ոլորտի նախարարի կողմից, որիապացույցը բարձրացված հարցին իր կողմիցտրված պատասխաններն էին:
ՈՈՇ-ը պետք է հաստատվի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում լիազոր մարմինի կողմից: ՀՀ-ում խոսքը գնում էտասնյակից ավելի ոլորտների մասին: Մինչ այս պահը դեռևս չունենք հաստատված որևէ ՈՈՇ, որը քննարկվել է շահառուների հետ, անցել լուրջ փորձաքննություն և հաստատվել է:Իսկ առանց ՈՈՇ-ի առկայության ինչպե ՞ս ենք պատկերացնում այն պահանջի բավարարումը, որ կրթական ծրագիրը պետք է մշակվի ՈԱՇ-ի և ՈՈՇ-ի մակարդակների նկարագրիչների պահանջներին համապատասխան: Իհարկե դա հնարավոր չէ:
2. ՊԴ կազմի գերծանրաբեռնված աշխատանք և առկա սոցիալական խնդիր:
Անգամ ՈԱՇ-ի և ՈՈՇ-ի առկայության դեպքում դեռևս բուհերում ՊԴ կազմը պատրաստ չէ այս երկու փաստաթղթերի արագ կիրառմանը:ՈԱՇ-ը և ՈՈՇ-ը պարզագույն փաստաթղթեր չեն և վերջիններիս գոյության դեպքումանգամ, կիրառման ու տեղայնացման համար անհրաժեշտ են լայնածավալ և բովանդակային վերապատրաստումներ ՊԴ կազմի, ուսանողական համակազմի և գործատուների շրջանակներում: Իսկ արդյո՞ք այսօր ՊԴ կազմը պատրաստ է դրան, իհարկե՝ ոչ, արդյո՞ք կարող են կարճ ժամանակահատվածում հասնել ցանկալի արդյունքի, իհարկե՝ ոչ:
Բուհերի ՊԴ կազմի ներկայացուցիչները իրականացնում են շատ բարդ ու պատասխանատու գործ, երբեմն գերծանրաբեռնված դասավանդում են մեկից ավելի բուհերում կամ իրականացնում մասնավոր պարապմունքներ՝ օրհասական նվազագույն սոցիալական խնդիրը լուծելու համար: Դասախոսի միջին աշխատավարձը երբեմն ավելի ցածր է հանրակրթությունում դասավանդող ուսուցչի աշխատավարձից: Սա է իրական պատկերը: Իսկ սոցիալական ծանր բեռը ուսերին կրող գերծանարբեռնված անձին արդյո՞ք հնարավոր է կարճ ժամկետում նորից ծանրաբեռնել և ստանալ ցանկալի արդյունք, իհարկե՝ ոչ:
3. Բուհերում ֆինանսական ռեսուրսների սղություն:
Բուհը իր բյուջեի 60-70%-ը տրամադրում է միայն չնչին աշխատավարձ տրամադրելու համար, իսկ եթե գումարենք նաև հիմնական ծախսերը, ապա բուհերի զարգացման համար մնում է բյուջեի մոտ 10%-ի չափով գումար: Անկախ այն հանգամանքից, որ օրենսդրական դաշտը թույլ է տալիս բուհերին զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, միևնույն է դեռևս որևէ բուհում չկան շոշափելի արդյունքներ: Բուհի բյուջեն հիմնականում ձևավորվում է ուսանողների վարձավճարներից, որոնք բարձրացնելն այս սոցիալական պայմաններում հնարավոր չէ: Ինչպե՞ս ենք պատկերացնում մի քանի տասնյակ կրթական ծրագիր իրականացնող բուհի դեպքում ծրագրային հավատարմագրմանը տրամադրվող այս ահռելի գումարների վճարումը, եթե անգամ մոռանանք մարդկային ռեսուրսների կարողության մասին: Օրինակ` Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) կրթական երեք մակարդակներում միասին իրականացնում է 6 տասնյակից ավելի կրթական ծրագիր: Բոլոր կրթական ծրագրերով արդեն իսկ ունենք շրջանավարտներ, այսինքն շրջափուլն ավարտված է և ըստ օրենքի նախագծի պահանջի` պետք է պարտադիր հավատարմագրվեն:
Հավատարմագրման համար ՇՊՀ-ին անհրաժեշտ կլինի առնվազն 400 մլն ՀՀ դրամ, այսինքն տարեկան բյուջեի մոտ 40%-ը, որն անգամ պատկերացնելն է անհնար, քանի որ տարեկան բյուջեի մոտ 70%-ը ուղղվում է միայն աշխատավարձերի վճարմանը`չհաշված այլ հիմնական ծախսերը: Հապաղելու կամ փուլ առ փուլ այս խնդիրը լուծելու հանարավորություն օրենքի նախագիծը չի տալիս, քանի որ նախագծի անցումային դրույթներում հստակ ամրագրված է, որ մինչև 2023թ.-ի օգոստոսի1-ը ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող, սակայն տվյալ կրթական ծրագրով ծրագրային հավատարմագրում չունեցող բուհերի կողմից տրամադրված դիպլոմները և շնորհված որակավորումները ճանաչվում են պետության կողմից, իսկ դրանից հետո բնականաբար չեն ճանաչվի: Այսինքն ունենք ընդամենը 3 տարի, որի ընթացքում նմանատիպ ծանր աշխատանք իրականացնելն իրատեսական չէ նաև ֆինանսական առումով:
4. Մարզային բուհերում սովորող ուսանողների սոցիալական վիճակը:
Օրենքի նախագծում հստակ ամրագրված է, որկրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքում կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներն իրավունք ունեն շարունակելու ուսումնառությունը համապատասխան ակադեմիական ոլորտում՝ ընդգրկվելով տվյալ կամ մեկ այլ ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհի կրթական ծրագրերում կամ մասնակցելու այդ բուհի կրթական ծրագրերով ամփոփիչ ատեստավորմանը՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:
Արդյո՞ք հաշվի են առնված այն դեպքերը, երբ մարզային բուհերում լիզենցիայից զրկվում են կրթական մի քանի ծրագրեր,իսկմարզային բուհի սոցիալապես անապահով ուսանողներին ուղորդելու ենք մայրաքաղաք` ծրագրային հավատարմագրում ունեցող բուհում կրթությունը շարունակելու կամ ատեստավորվելու, անգամ հաշվի չառնելով որ կրթական ծրագրերի տարբերության պատճառով հնարավոր է անգամ նույն կուրսերում չսովորեն: Նկատենք, որ մարզային բուհերի ուսանողների 50%-ից ավելին ընտրում են իրենց բնակավայրերին մոտ բուհեր՝ դուրս գալով ընտանիքի սոցիալական վիճակից:
5. Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) գերծանրաբեռնվածություն և հավատարմագրող միջազգային կառույցների դիմելու ֆինանսական անհնարինություն:
ՈԱԱԿ-ը այսօր պատրաստ չէ նման գերծանրաբեռնված աշխատանք իրականացնելու, իսկ բուհերն էլ ֆինանսապես չեն կարող դիմել հավատարմագրող միջազգային կառույցներին: Անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքում,ՈԱԱԿ-ը, դուրս գալով իր գերծանրաբեռնված աշխատանքից, պատշաճ չիրականացրեց ընթացիկ մոնիթորինգ, որը բուհերի անընդհատ զարգացման համար լուրջ մեխանիզմ կարող էր լինել և ոչ թե ինստիտուցիոնալ հավատարմագրումից հավատարմագրում մի քանի ամսվա պարտականությունների կատարում` արտաքին գնահատման համար:
Օրենքի նախագծում նման մոտեցումը հեղափոխական է, որը ոչ միայն կխաթարի բուհերի բնականոն զարգացումը, այլ նաև կտանի կործանման: Ոչ միայն բուհերը, այլ նաև ՈԱԱԿ-ը չունեն այդ մարդկային ռեսուրսների բազան: Իսկ եթե գործընթացը պետք է կրի ձևական բնույթ, ուրեմն ավելի լավ է չիրականացնել և բավարարվել ՀՀ Կառավարության կողմից հաստատված գործող կարգով:
ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Այո, շատ կարևոր է ծրագրային հավատարմագրումը, բայց քայլ առ քայլ, հանգիստ, առանց շտապելու: Նախ կրթության լիազոր ներկայացուցիչների կողմից ստեղծվող կուռ իրավական և մեթոդական բազմաթիվ փաստաթղթերի ստեղծմամբ, ՊԴ կազմի, ուսանողական համակազմի և գործատուների ներկայացուցիչների վերապատրաստման արդյունքում քայլ առ քայլ՝ փուլային տարբերակով: Օրինակ` ընդունելի տարբերակ կարող է հանդիսանալ, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանաչյուր տարիբուհը պետք է հավատարմագրի իր կրթական ծրագրերի առնվազն 20%-ը, իսկ ընդունված ուսանողներըպարտադիր պետք է ավարտեն տվյալ բուհը և դիպլոմն էլ պետք է ճանաչելի լինի ՀՀ-ի կողմից, այսինքն` լիզանցիայից զրկելը չպետք է ազդի սովորող ուսանողների վրա: Հնարավորության դեպքում ՀՀ Կառավարությունը թող իր վրա վերցնի բուհերի ծրագրային հավատարմագրման ֆինանսական բեռը: Բնականաբար, մինչև 2025թ.-ը եթե չունենանք ցանկալի արդյունք, ապա կունենաք տեսանելի, բնականոն և դինամիկ զարգացող բուհ, որտեղ հնարավոր է ակնկալել որակի մշակույթի ձևավորում:
Կարգախոսային ու բովանդակությունից զուրկ, հախուռն հեղափոխականությունը և կրթական համակարգի բարեփոխումներն անհամադրելի են»:










