Չինաստանում կորոնավիրուսի «հայտնաբերման» նպատակով բջջային հավելված են ստեղծել

17:53 • 10.02.20

Չինաստանում բջջային հավելված են մշակել, որի շնորհիվ սմարթֆոնի սեփականատերը կարող է ստուգել` կորոնավիրուսով վարակման ռիսկային գոտում է գտնվում, թե ոչ, գրում է Xinhuanet-ը:

Բջջային հավելվածը մշակվել է Պետական խորհրդի գլխավոր գրասենյակի, Առողջապահության ազգային հանձնաժողովի և China Electronics Technology Group (CETC) կորպորացիայի կողմից:

Օգտատերերը կարող են ներբեռնել Close contact detector հավելվածը` Alipay-ի, WeChat-ի կամ QQ-ի միջոցով QR կոդը սքանավորելով, այնուհետև գրանցվել հեռախոսահամարի օգնությամբ: Ծրագրում նաև անհրաժեշտ է նշել անձի անունը և նրա ID համարը:

Օգտատերը ստուգում է անցնում տվյալների փոխանցման բազայում, ինչպես նաև հիվանդության բժշկական պատմություններում և տեղեկություն է ստանում, թե արդյոք նախորդ երկու շաբաթվա ընթացքում տրանսպորտում կամ իր գտնվելու այլ վայրերում վարակի դեպքեր եղել են, թե ոչ:

Եթե համընկնումներ լինում են, օգտատիրոջը խորհուրդ են տալիս տանը մնալ և բժիշկ կանչել կամ հիվանդանոց դիմել:

Հարկ է նշել, որ կորոնավիրուսով վարակվելու համար ռիսկային գոտում են գտնվում նրանք, ովքեր ապրում են հիվանդ մարդու հետ, սովորում են նրա հետ կամ նույն տրանսպորտում են գտնվում:

Վերջին տվյալների համաձայն ՝ կորոնավիրուսից մահացածների թիվը 908 է: Չինաստանում վարակվածների թիվը հասել է 40 հազարի: Մասնագետները կարծում են, որ հիվանդության տարածման գագաթնակետը հնարավոր է լինի փետրվարի երկրորդ կեսին:

Չինաստանում կորոնավիրուսի «հայտնաբերման» նպատակով բջջային հավելված են ստեղծել