«ԱՄՆ-ն է մեղավոր». Իրանն ԱՄՆ-ին է մեղադրել արբանյակն ուղեծիր դուրս բերելու փորձի ձախողման համար

10:44 • 10.02.20

Իրանում փետրվարի 9-ին տեղի է ունեցել սեփական արտադրության «Զաֆար» արբանյակի արձակումը, սակայն հրթիռակիրը չի կարողացել տիեզերական ապարատը հասցնել ուղեծիր, հայտնում է korrespondent.net կայքը` հղում տալով Իրանի պետական հեռուստաընկերության տարածած հայտարարությանը:

Արձակումը տեղի է ունեցել Սեմնան նահանգում Իմամ Խոմեյնիի անվան տիեզերակայանից: Իրանական «Սիմորգ» հրթիռակիրը հաջող մեկնարկ է ունեցել, սակայն չի կարողացել անհրաժեշտ արագությունը հավաքել արբանյակն անհրաժեշտ բարձրության վրա հանելու համար:

Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է, որ արբանյակի անհաջող արձակումն ԱՄՆ-ի պատճառով է տեղի ունեցել:

Նրա խոսքով` ամերիկյան պատժամիջոցներն են խանգարել բարեհաջող իրականացնել արձակումը և «Զաֆար» արբանյակն ուղեծիր դուրս բերել:

«Հրթիռակիրների և արբանյակների ոլորտում մեր նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված»,-նշել է Ջահրոմին:

Այս արձակումը ծրագրում վերջինն էր, որը, ըստ Միացյալ Նահանգների, բալիստիկ հրթիռների ստեղծման համար Իրանի համար զուտ քողարկման միջոց էր հանդիսանում: Թեհրանն իր հերթին հերքում է այս վարկածը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, նախորդ անգամ` 2019-ի հունվարին, Իրանին չէր հաջողվել մի քանի արբանյակ դուրս բերել ուղեծիր: Այն ժամանակ այդ փորձը քննադատել էին մի շարք երկրներ, որոնք նշել էին, որ Իրանի գործողությունները չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, քանի որ դրանց իրականացման համար հրթիռակիրներ են օգտագործվել:

Ըստ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների՝ տվյալ բանաձևն արգելում է Իրանին հրթիռներ արձակել:

«ԱՄՆ-ն է մեղավոր». Իրանն ԱՄՆ-ին է մեղադրել արբանյակն ուղեծիր դուրս բերելու փորձի ձախողման համար