Galaxy Z Flip. Samsung-ը ներկայացրեց իր նորագույն սմարթֆոնը (տեսանյութ, լուսանկարներ)

23:05 • 11.02.20

Հարավկորեական Samsung ընկերությունն, ավանդույթի համաձայն, իր գլխավոր նորույթները ներկայացնում է օնլայն շնորհանդեսի միջոցով, որը ստացել է Samsung Unpacked անվանումը:

Samsung-ն իր շնորհանդեսը որոշել է իրականացնել փետրվարի 11-ին՝ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսից (Mobile World Congress) մոտ երկու շաբաթ առաջ, որը մեկնարկելու է փետրվարի 23-ին և շարունակվելու է 4 օր: Այսպիսով Samsung-ը կարող է առաջ անցնել մյուս տեխնոլոգիական հսկաներից և առաջինը ներկայացնել իր նորագույն սմարթֆոնները:

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, գլխավոր նորույթներից մեկը լինելու է Galaxy Z Flip ծալովի առաջադեմ սամարթֆոնը:

23:11

Առաջինը ներկայացվում է երկար սպասված Galaxy Z Flip-ը մոդելը, որը ներկայանում է նոր ձևաչափով՝ նախատեսված այն մարդկանց համար, ովքեր սիրում են տարբերվել:
Փակ վիճակում այն հարմարավետ է և հեշտությամբ կարող է տեղավորվել ինչպես պայուսակում, այնպես էլ գրպանում: Ծալված վիճակում արտաքին էկրանը պարունակում է ամբողջ տեղեկությունը, որը կարող է անհրաժեշտ լինել ցանկացած պահի:
Բացվելիս այն վերածվում է գեղեցիկ սմարթֆոնի՝ առանց շրջանակների: Galaxy Z Flip-ը ներկայանալու է 3 գույնով՝ մանուշակագույն, սև և որոշ երկրներում՝ հայելային ոսկեգույն:

Նշվում է, որ բացված վիճակում էկրանը թույլ է տալիս օգտվել տեսախցիկի գործառույթներից ինչպես ընկերության մյուս բոլոր սմարթֆոնների դեպքում: Սմարթֆոնով կարելի է սելֆիներ անել ծալված վիճակում:
Սմարթֆոնը վաճառքում կհայտնվի փետրվարի 14-ից՝ 1380 դոլար գնով:

Նորագույն սմարթֆոնները հնարավորություն կտան օգտվել 5G ցանցից:



 23:31

Հաջորդ նորույթները S20 շարքից են՝ Galaxy S20, S20+, S20 Ultra:
Ինչպես պարզ դարձավ, շնորհանդեսը ևս նկարահանվում և հեռարձակվում է Galaxy S20 սմարթֆոնի օգնությամբ:

23:41

Նորագույն սմարթֆոնները ներկայանալու են առավել որակյալ տեսախցիկով, որի գաղտնիքը առավել մեծ կետայնությունն է: Այն թույլ կտա մեծացնել անգամ կադրի հեռավոր անկյունում երևացող իրը, ինչպես նաև կտրել ցանկացած լուսանկար՝ առանց նվազեցնելու որակը: Եվ այդ ամենը հնարավոր է դառնում 64 մեգապիքսել կետայնությամբ տեսախցիկի օգնությամբ:
Samsung-ը սմարթֆոնների իրականություն է բերում 8K տեխնոլոգիան, որոնցով համալրված են S20 շարքի բջջայինները: Տվյալ տեխնոլոգիան թույլ է տալիս տեսագրված հոլովակն անմիջապես հրապարակել YouTube-ում՝ առանց որակի կորստի:

S20 Ultra-ն համալրված է էլ առավել հզոր սենսորային տեխնոլ
ոգիայով, 108 մեգապիքսել կետայնությամբ և արհեստական բանականությամբ տեսախցիկով: Այս մոդելով պատկերված ցանկացած նկար հնարավոր կլինի մեծացնել 100 անգամ:

23:55

S20 շարքի մոդելները ներկայանում են Samsung LPDDR5 հիշողության տեխնոլոգիայով, ինչը թույլ է տալիս սմարթֆոնով տեսախաղեր խաղալ՝ առանց մտահոգվելու որակի և այլ հնարավորությունների մասին: Galaxy-ն համագործակցում է Xbox-ի հետ՝ դառնալով իրական խաղային հարթակ:

00:20

Բացի նոր սմարթֆոններից, Samsung-ը ներկայացրեց նաև Galaxy Buds+ անլար ականջակալները: Նրանք արտաքնապես չեն փոխվել և չեն ստացել աղմուկի նվազեցման ակտիվ տեխնոլոգիա, ինչպես սպասվում էր, սակայն նոր ականջակալները կապահովեն ձայնի ավելի լավ որակ, քան նախորդ մոդելը: Վաճառքում կլինի փետրվարի 14-ից: ԱՄՆ-ում կարժենա 149 դոլար:



Galaxy Z Flip. Samsung-ը ներկայացրեց իր նորագույն սմարթֆոնը (տեսանյութ, լուսանկարներ)