Հրվ. Կորեայում մայրը վիրտուալ իրականության տեխնոլոգիայի միջոցով «վերամիավորվել» է տարիներ առաջ մահացած 7-ամյա դստեր հետ (տեսանյութ)
Ժամանակակից աշխարհում լայն տարածում գտած վիրտուալ իրականության տեխնոլոգիան օգտագործվել է մանկահասակ դստերը կորցրած կորեուհու վիշտը փոքր-ինչ սփոփելու համար, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ հարավկորեական հեռուստաալիքներից մեկը կարողացել է նորարարական տեխնոլոգիայի միջոցով «վերամիավորել» սգացող մորն ու մահացած աղջկան:
«Հանդիպելով քեզ» խորագրով հուզիչ հաղորդման ժամանակ մայրը կրել է վիրտուալ իրականության դիմակ ու հատուկ ձեռնոց: Արդյունքում մայրը կարողացել է հանդիպել դստեր վերարտադրված թվային պատկերի հետ, որը վիրտուալ իրականությունում գերիրական տեսք է ունեցել, ազատ վազել, խոսել է: 2016թ. անհայտ հիվանդության հետևանքով մահացած «երեխան» մոր հետ անկաշկանդ շփվել է ու ասել, որ այլևս ցավի մեջ չէ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Vive կոչվող վիրտուալ իրականության սարքը կնոջը տեղափոխել է վիրտուալ պարտեզ, որտեղ նրան է սպասել դստեր վերարտադրված պատկերը: Մասնագետները մանրակրկիտ աշխատանք են տարել երեխայի տեսքը, ձայնն ու շարժումները հնարավորինս ճիշտ ու բնականին մոտ վերարտադրելու համար:
«Մայրիկ, շատ եմ կարոտում քեզ, դու իմ մասին մտածո՞ւմ ես»,- հարցրել է վիրտուալ աղջիկը, ինչին ի պատասխան կինը, խեղդելով արցունքները, ասել է՝ «Ամեն վայրկյան, փոքրիկս»:
Հուզիչ տեսարանին հետևել են կնոջ ամուսինն ու երկու երեխաները:










