Գիտնականները 66 մլն տարի առաջ ապրած դինոզավրի բրածո մնացորդներում հազվագյուտ հիվանդություն են հայտնաբերել, որն այսօր հանդիպում է երեխաների շրջանում
Կանադայի Ալբերտա նահանգում պեղումների ժամանակ հայտնաբերված բադակտուց դինոզավրի քարացած մնացորդներում հազվագյուտ հիվանդության հետքեր են հայտնաբերվել, որն այսօր էլ հանդիպում է մարդկանց մոտ:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, այս եզրահանգմանն են եկել Թել Ավիվի համալսարանի մասնագետները, որոնք համակարգչային շերտագրության օգնությամբ ուսումնասիրել են 66 մլն տարի առաջ Երկրում բնակված հադրոզավրերի (երկոտանի դինոզավրեր) պոչի հատվածը:
Նրանք համեմատել են բրածոյի ողնաշարի վրա հայտնաբերված խոռոչները երկու մարդկային կմախքների հետ, որոնց մոտ բարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ է եղել, որը հիմնականում խոցում է մանկահասակ տղաներին:
Բրածոյի և ոսկրային կմախքի դեպքում հիվանդությունների ախտորոշումը բարդ է, քանի որ որոշ դեպքերում տարբեր հիվանդություններ նմանատիպ հետքեր են թողնում, սակայն հադրոզավրի մնացորդի վրա նկատված վնասվածքները նման են վերոնշյալ հիվանդության հետքերին: Նման կարծիք է հայտնել Թել Ավիվի համալսարանի Կենսաբազմազանության և էվոլյուցիոն բժշկության լաբորատորիայի ղեկավար Հիլա Մեյը:












