Հարավային Ամերիկայում 3-4 մետր երկարությամբ հնագույն հսկայական կրիաների բրածոներ են հայտնաբերվել
Հարավային Ամերիկայում հսկայական կրիայի բրածոներ են հայտնաբերվել, որն ավտոմեքենայի չափսեր է ունեցել:
Ինչպես հայտնում է BBC News-ը, խոսքը Stupendemys geographicus տեսակին պատկանող կրիաների մասին է, որը, ըստ մասնագետների, տարածաշրջանում բնակվել է 13-7 մլն տարի առաջ: Քարացած մնացորդները հայտնաբերվել են Կոլումբիայի Տատակոա անապատի տարածքում և Վենեսուելայի տարածքում՝ Ուրոմակո շրջանում:
Այս տեսակի կրիայի բրածո մնացորդներն առաջին անգամ հայտնաբերվել են 1970-ականներին, սակայն բազմաթիվ հարցեր այդպես էլ չեն պարզվել 4 մետր երկարությամբ կենդանու մասին: Ըստ գիտնականների՝ այդ կենդանին բնակվել է Հարավային Ամերիկայի հյուսիսային շրջանում նախքան Ամազոն և Օրինոկո գետերի ձևավորվելը:
Հետազոտողները հայտնում են, որ նոր գտածոն իրենից ներկայացնում է 3 մետր երկարությամբ պատյան և ծնոտի հատվածի ոսկորներ, որոնք նոր տեղեկություն կտան մասնագետներին կենդանիների սննդակարգի մասին:
Այս տեսակի արու կրիան նկատելի եղջյուրներ է ունեցել պատյանի երկու կողմերում: Բրածոյի վրա հայտնաբերված խոր սպին հուշում է, որ եղջյուրները կենդանին օգտագործել է որպես զենք մրցակից կենդանիների դեմ պայքարելու համար:
Մասնագետների կարծիքով՝ հսկա կրիան բնակվել է լճերի և գետերի հատակին հսկա կոկորդիլոսների հետ՝ սնվելով փոքր կենդանատեսակներով և բուսականությամբ:
Նրանց հսկա մարմինը խոչընդոտ է հանդիսացել այլ առավել մեծ գիշատիչներից պաշտպանվելու հարցում: Կրիայի բրածոներից մեկի վրա կոկորդիլոսի հսկայական ատամ է հայտնաբերվել:











