«Միգուցե դա Բելգիայի ռազմաօդային ուժե՞րն էին». Նեթանյահուն` գիշերը Սիրիային ուղղված ավիահարվածի մասին
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ոչ մի բան չգիտի գիշերը Սիրիային ուղղված ավիահարվածի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքին հղումով:
«Միգուցե դա Բելգիայի ռազմաօդային ուժե՞րն էին»,- ասել է Նեթանյահուն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հրապարակել է երկրի ՀՕՊ համակարգի կողմից Դամասկոսի դեմ հարձակմանը հակազդելու պահը:
Ֆիքսված կադրերում, ըստ ամենայնի, սիրիական զենիթային համակարգերն են, երկնքում լուսարձակումներ են երևում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դամասկոսի ուղղությամբ հարվածներ հասցրած ինքնաթիռները երկրի տարածք են մուտք գործել հարավ-արևմուտքից՝ Իսրայելի կողմից շրջափակված Գոլանի բարձունքների տարածքից: Թել Ավիվը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը:
Աղբյուրը նշում է, որ Իսրայելը բազմիցս հարվածել է Սիրիային՝ իր դժգոհությունը հայտնելով երկրում Իրանի ռազմական ներկայության դեմ:
Վերջին անգամ Դամասկոսն Իսրայելի կողմից հրթիռակոծվել էր փետրվարի 6-ի գիշերը, կիրառվել էր «օդ-ցամաք» դասի ութ հրթիռ:










