«Ամաչում եմ, որ մի թիմում եմ գտնվել ձեր հետ», «հիշեք, թե ինչպես էիք մեր դուռն եկել»․ ԼՀԿ-ի և «Իմ քայլ»-ի պատգամավորները միմյանց անցյալն են հիշեցրել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տարածել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցազրույցը, ուրում նա ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն հակասահմանադրական է որակել, և կից գրել է, թե ամաչում է, որ նախկինում ԼՀԿ-ի հետ մեկ թիմ են եղել։
«Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում:Հեղափոխության օրերին, երբ մենք փողոցում էինք, ու պարզ չէր, թե մեր վերջը ինչա լինելու, իմ գործնկերներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյան, Գևորգ Գյորգիսյանը ամեն օր տարբեր հնարավոր լրատվամիջոցներով հարցազրույցներ էին տալիս` փորձելով ստվեր գցել հեղափոխության վրա,համոզում էին, որ բան չի փոխվելու, որ վտանգավոր է, հավանաբար, որ փրկեին Սերժ Սարգսյանի համակարգը:
Նույնը սկսել են հիմա ՍԴ-ի հետ կապված»,-գրել է նա:
Սիփան Փաշինյանը նաև նշել է, թե ժողովրդի ազատ կամարտահայտման գործընթացը կասեցնել փորձող քաղաքական գործիչները պետք է «Արթուր Բաղդասարյանի ճակատագիրն ունենան»։
Նրա այս գրառմանը հակադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, որ «միայն բարեկամական կապերի շնորհիվ պատգամավոր դարձած անձը քաղաքական գործիչ չի դառնում»։
«Չի սովորում ճիշտ գրել նույնիսկ գործընկերների ազգանունները, բայց վստահորեն սկսում է ատելության քարոզ, թերևս չհասկանալով ինչպես և ինչու է տեղի ունեցել հեղափոխությունը։
Հիմա դե արի ու էս մարդկանց հատ հատ բացատրիր, թե ինչ է բազմակարծությունը, քաղաքական բազմազանությունը, քաղաքական բանավեճը և քաղաքական երկխոսության մշակույթը։
Մեկ տարուց ավել է, իշխանություն են, բայց չկարողանալով զգալի ձեռքբերումներ գրանցել որևէ ոլորտում, դեռ ընդդիմություն են խաղում նախորդ իշխանություններին։ Ու քանի որ իրենց պատկերացրած քաղաքական դաշտում կարող է լինել միայն մեկ ընդդիմություն, բոլոր նրանք ովքեր իրենց հետ համաձայն չեն, ուրեմն անպայման նախկինների կողմից են»,-գրել է նա։
Անդրադառնալով Սիփան Փաշինյանի հայտարարությանը, թե ամաչում է, որ նախկինում թիմակից են եղել, Գևորգ Գորգիսյանը գրել է․ «Միասին անցած ճանապարհի համար անկեղծ ամաչելուց առաջ, լավ կլիներ հիշել, թե ինչպես Վանաձորում մեծ աղմուկով տապալվելուց հետո, եկաք մեր դուռը՝ դաշինք կազմելու խնդրանքով։
Հարգելիներս, ձեզ 73% ձայն են տվել, որ առաջ շարժվեք ու երկիրն էլ առաջ տանենք, ոչ թե անվերջ շոուներով կռիվ տաք անցյալի ուրվականների դեմ»։
Հիշեցնենք, որ երեկ միմյանց դեմ «կոմպրոմատային» գրառումներ էին կատարել ԱԺ փոխխոսնակ, «իմքայլական» Ալեն Սիմոնյանը և ԼՀԿ-ականներ Դավիթ Խաժակյանն ու Գևորգ Գորգիսյանը։










