Ես չգիտեմ՝ Արսեն Թորոսյանին ճնշե՞լ են, թե ինչ են արել, որ իրականություն է փոխում. Դավիթ Սանասարյան
Չգիտեմ, թե որտեղից է հորինում Արսեն Թորոսյանը, նման բան չի եղել, ընդհակառակը Արսեն Թորոսյանին ասել եմ, որ հրավիրել եմ ինձ մոտ իմ աշխատակցին և իմ աշխատակիցը` Սամվել Ադյանը ասել է, որ կապ չունի այդ կազմակերպության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստից հետո ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանը:
«Արսեն Թորոսյանին ճնշել են, թե ինչ են արել, որ Արսեն Թորոսյանն իրականություն է փոխում, ես դա արդեն չգիտեմ: Եկեք այս պահին չասեմ, թե խաբել են, թե ինչ են արել, միգուցե լրիվ այլ իրավիճակ է եղել, եթե խաբել են և արել են նման բան, ես դատապարտում եմ, բայց անմեղության կարգավիճակը պետք է հարգել: Ինձ հայտնի է, թե ինչ միջոցներով են ցուցմունքներ կորզել, չգիտեմ՝ ինչի վերաբերյալ ինչ են ասել հանուն ինչի»,- ասաց նա և նշեց, որ կոնկրետ իր դեմ ցուցմունք կորզել են և այս գործում կա «փաստը», դա ցուցմունքն է:
«Ես բոլոր աշխատակիցների հետ գործընկերային մտերմություն ունեմ, իրենք ուզում են դրանով ֆոն ստեղծել, որ ես իմ ընկերոջն ինչ-որ արտոնություններ եմ տվել, նման բան չկա: Սամվել Ադյանն իր աշխատանքի ամբողջ ընթացքում իր ղեկավարած վարչության հետ միասին, պետությանը օգուտ է տվել մի քանի հարյուր միլիոն դրամ, դա վերականգնվել է, երբ իմ աշխատակցին ես հարցնում եմ, ինքն ասում է՝ ես կապ չունեմ, հետո իմանում եմ, որ ընկերոջն է, իսկ ինքը խորհուրդ է տվել: ՊՎԾ-ն չհասցրեց դիալիզի շուկայում Սամել Ալեքսանյանին պատկանող 40 տոկոսի վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտել, եթե այդ ուսումնասիրությունը լիներ, բոլորին ակնհայտ կլիներ, թե ինչ է կատարվել երկար տարիներ դիալիզի շուկայում, այս գործով 120 տոկոս շահույթ են ստացել»,-ասաց նա:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ ապացույց ունի` ֆեյսբուքյան գրագրություն, որտեղ ինքը Արսեն Թորոսյանին գրել է, թե չգիտի ինչ կազմակերպության մասին է խոսում։
«Չնայած դրան, Արսեն Թորոսյանն ասում է, որ ես նախապես ընդունել եմ, որ այդ կազմակերպությունը Սամվել Ադյանինն է: Չգիտեմ Թորոսյանին ինչ են տվել դրա դիմաց, ինչ են ասել ճնշել, չգիտեմ, կարող է բժիշկները ինչ ոչ դեղ են տվել…: Չէր կարողանում աչքերիս մեջ նայել, ձեռքերը տրորելով… ինքը մոռացել էր այդ գրագրության մասին, որովհետև ինքն ասում էր, որ ես հեռախոսով ընդունել եմ, հետո, երբ ցույց տվեցի` տես Արսեն, ես ասել եմ, որ օրենքի տառը պահպանելն է կարևոր, ինքը ինձ ասել է՝ գնումների «ախմախ» օրենքը կապ չունի, ինձ համար հիվանդների առողջությունն է կարևոր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու, հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:










