Իրավապահ մարմինները վստահեցնում են՝ ամեն ինչ անում են «Ժողովուրդ»-ի խմբագրություն ներխուժումը բացահայտելու ուղղությամբ, բայց դրանք միայն խոսքեր են, մեզ պետք է արդյունք. օրաթերթի գլխավոր խմբագիր

14:15 • 17.02.20

Իրավապահ մարմինները մինչ օրս վստահեցնում են, որ ամեն ինչ արել են և անում են՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը բացահայտելու ուղղությամբ, բայց, ըստ էության, դրանք միայն խոսքեր են, որովհետև մեզ պետք է արդյունք: Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանը հայտարարեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը:

«Այդպես էլ անհայտ մնաց, թե ովքե՞ր, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով ներխուժեցին մեր խմբագրություն. դա ի՞նչ ազդակ էր՝ դադարեցնե՞լ գործունեությունը, լռե՞լ, այդպես էլ մեզ մնաց անհայտ»,-նշեց նա:

Օրաթերթի գլխավոր խմբագիրը ներկայացրեց, որ 2019թ.-ի ընթացքում 4 քրեական գործերի շրջանակներում և՛ Քննչական կոմիտեն, և՛ Դատախազությունը, և՛ ՀՔԾ-ն փորձել են  բացահայտել լրատվամիջոցի աղբյուրները:

«2019 թ.-ին ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով քարոզարշավ սկսեց մեր խմբագրության գործունեության դեմ՝ փորձելով ամեն ճանապարհ ընտրել՝ ստանալու համար մեր աղբյուրը»,-ասաց նա՝ նշելով, թե լրատվամիջոցն իրավապահ մարմիններին կոչ է արել չխոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը:

«Մեր հորդորները, ըստ էության, օգուտ չտվեցին, որովհետև 2019թ.-ի նոյեմբերի 20-ին ՀՔԾ-ն ինձ հրավիրեց ու հայտնեց, որ հանել է իմ հեռախոսային խոսակցությունների վերծանումները: Երկու-երեք անուն տվեցին՝ խնդրելով ասել, թե նրանցից ով է տվել «Մարտի 1»-ի գործով առանցքային պաշտոնյաների ցուցմունքները: Սա ինձ համար շոկային էր: Նախաքննական մարմինը փորձում է բացահայտել լրագրողի աղբյուրը՝ լրագրողին ամեն անգամ հոգեբանական ճնշումներով, ծանուցումներ ուղարկելով: Սա իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու սարսափելի դրսևորում էր»,-ասաց Մանուկյանը:

Վերջինս ասաց նաև, որ աղբյուրը բացահայտելու՝ ՀՔԾ որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում: Վերջինս ապացուցել է, որ ՀՔԾ-ն, հանելով լրագրողի հեռախոսային խոսակցությունների վերծանումները, ապօրինություն է թույլ տվել:

Մանրամասները՝ տեսանյութում: