Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 հրթիռակրի թռիչքը՝ Starlink արբանյակների հետ միասին

20:52 • 17.02.20

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի տիեզերական կայանից արձակվել է SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակիրը Starlink ինտերնետ-արբանյակների խմբի հետ միասին:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, հրթիռակրի թռիչքը մեկնարկել է տեղի ժամանակով 10:05-ին (երևանյան 19:05) Կանավերալ հրվանդանի կայանից: Հրթիռը պետք է ուղեծիր հասցնի հերթական 60 Starlink արբանյակները, որոնք կոչված են Երկրի բնակիչներին ապահովելու ինտերնետ-կապով:

Սա արբանյակների արդեն հինգերորդ խումբն է, որը SpaceX-ը դուրս է բերում ուղեծիր՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 300-ի:

Հրթիռի արձակումն ավելի վաղ երկու անգամ հետաձգվել էր՝ նախ եղանակային պայմանների պատճառով, այնուհետև երկրորդ աստիճանի փականի աշխատանքի հավելյալ ստուգման համար:

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որն ունակ է երկրագնդի բնակիչներին ապահովել լայնաշերտ ինտերնետային կապով:

Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 հրթիռակրի թռիչքը՝ Starlink արբանյակների հետ միասին