Samsung-ի նորագույն Galaxy Z Flip սմարթֆոնը ճաքել է առաջին իսկ օգտագործումից հետո. գնորդը լուսանկար է հրապարակել սոցցանցում
Հարավկորեական Samsung ընկերության նորագույն Galaxy Z Flip սմարթֆոնը ձեռք բերած օգտատերը դժգոհել է գաջեթի որակից: Նա լուսանկար է հրապարակել սոցցանցում՝ տեղեկացնելով, որ հեռախոսը կոտրվել է գնելու առաջին իսկ օրը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Մեծ Բրիտանիայի բնակիչը նշել է, որ ծալովի հեռախոսը ճաքել է առաջին անգամ այն բացելուց հետո: Գնորդը տեղեկացրել է, որ գաջեթը դուրս է բերել տուփից, հեռացրել է պաշտպանիչ ժապավենը և բացել այն: Հենց այդ պահին էլ ճաքի ձայն է լսել:
Օգտատերը նշել է, որ ճկուն էկրանի ծալքի մասում մեծ ճաք է առաջացել: Նրա խոսքով՝ ճաքելու համար կարող էր պատճառ հանդիսանալ ցածր ջերմաստիճանը:
Թվիթերյան գրառման ներքո մեկնաբանություն անող օգտատերերից ոմանք նշել են, որ բրիտանացին չպետք է էկրանի վրայից հաներ պաշտպանիչ ժապավենը:
Քիչ անց մեկնաբանություն է թողել նաև Samsung-ի թվիթերյան էջը՝ վերանորոգման ծառայություն առաջարկելով:
Galaxy Z Flip-ի սեփականատերն ավելի ուշ հայտնել է, որ ընկերությունից մեկ օրում եկել և փոխարինել են սարքավորումը նորով:
Հիշեցնենք, որ Samsung-ի նորագույն ծալովի մոդելի շնորհանդեսը տեղի է ունեցել փետրվարի 11-ին:










