Apple-ը կորոնավիրուսի պատճառով սահմանափակում է iPhone-ի համաշխարհային մատակարարման ծավալը

10:56 • 18.02.20

iPhone-ի համաշխարհային մատակարարումները ժամանակավորապես կսահմանափակվեն Չինաստանում Apple-ի մատակարար ձեռնարկությունների աշխատանքներում առաջացած բարդությունների պատճառով: Այդ բարդություններն առաջացել են կորոնավիրուսի ստեղծած համընդհանուր ճգնաժամային իրավիճակի հետևանքով: Այդ մասին ասված է ընկերության փետրվարի 17-ի հաղորդագրության մեջ, գրում է BBC-ն:

Նշվում է, որ Չինաստանում պահանջարկի նվազման պատճառով Apple-ի եկամուտներն ընթացիկ եռամսյակում ավելի ցածր կլինեն նախկինում հայտարարված կանխատեսվող ցուցանիշներից:

«Չինաստանում մեր բոլոր խանութները, ինչպես նաև գործընկեր խանութներից շատերը փակվել են: Բացի այդ, բաց խանութներն աշխատում են կրճատված ժամերով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը հավաստիացրել է, որ Չինաստանում մանրածախ առևտրի կենտրոնները առաջին հնարավորության դեպքում կվերաբացվեն:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

 

Apple-ը կորոնավիրուսի պատճառով սահմանափակում է iPhone-ի համաշխարհային մատակարարման ծավալը