Թուրքիայում դատարանը Օսման Քավալային ազատ արձակելու որոշում է կայացրել

17:57 • 18.02.20

Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել արդարացնել և ազատ արձակել թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալային, որը մեղադրվում էր 2016 թվականի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի մասնակից լինելու համար: Այս մասին տեղեկացնում է msn.com կայքը:

Օսման Քավալայից բացի արդարացվել է նաև 8 մեղադրյալ:

Քավալային մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի Հանրապետության սահմանադրական կարգը խախտելու և երկրի իշխանությունը տապալելու փորձի համար:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Քավալան հիմնադրել ու ղեկավարում է թուրքական հայտնի «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը, որը զբաղվում է մշակութային փոխանակության ու մշակութային ժառանգության ուսումնասիրության լայնածավալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում և Եվրոպայում: Ծնունդով Փարիզից թուրք գործիչը հովանավորել է նաև Դիարբեքիրի մշակութային տան, Պատմության հիմնադրամի ծրագրերն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ է: