Սա մարդկանց հոգեկան առողջության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք է. ԱՆ խնդիրն է հոգ տանել նրանց և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջության մասին. հոգեբանը՝ Սթրես կենտրոնի պետպատվերի դադարեցման մասին
Մարդկանց հոգեկան առողջության նկատմամբ շատ անպատասխանատու վերաբերմունք է, մինչդեռ Առողջապահության նախարարության խնդիրը հակառակը պետք է լիներ՝ հոգ տանել մարդկանց և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջության մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի հոգեկան առողջության վերականգնման և հոգեթերապևտիկ ծառայությունների (Սթրես կենտրոնի) բաժանմունքի պետպատվերի դադարեցմանը:
«Երբ մարդը խնդիր է ունենում իր հոգեկան առողջության հետ, դա հաճախ շատ ավելի ծանր ազդեցություն կարող է ունենալ, քան ֆիզիկական առողջության հետ առաջացած խնդիրները: Ուղղակի վերցնել, փակել դռներն այն մարդկանց առաջ, որոնք հոգեկան առողջության խնդիրներ ունեն, պարզապես անթույլատրելի է: Մոտավորապես նույնն է, որ հիվանդանոցները փակեն, ասեն՝ ոնց ուզում եք, արեք, ուզում եք՝ ապրեք, ուզում եք՝ մահացեք»,-նշեց Նալչաջյանը:
Հոգեբանը կարևորեց նաև, որ պետպատվերի դադարեցումը կարող է էական ազդեցություն ունենալ Սթրես կենտրոնում պետպատվերով բուժվող քաղաքացիների վրա՝ ևս մեկ սթրեսի պատճառ դառնալով:
«Մի պահ նայենք այ մարդու տեսակետից, որն ստանում էր այդ բուժօգնությունը, մեկ էլ հանկարծ փաստի առաջ է կանգնում. դա նորից մարդու համար սթրես է, ապահովության զգացողության կորուստ, իսկ հոգեբանական խնդիրների ժամանակ ապահովության զգացողությունը շատ առաջնային նշանակություն ունի: Մարդն իրեն զգում է լքված, անտեսված, մերժված, իսկ հոգեբանական օգնությունն արտաքինից չի երևում, դրա կարիքը շատերն ունեն»,-ասաց Նալչաջյանը:
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում Արթմեդ» ԲԿ տնօրեն Արթուր Աբգարյանն ասել էր, որ միայն պայմանագիրը կնքելիս է տեղեկացել, որ Սթրես կենտրոնի պետպատվերի համապատասխան կետը չկա՝ նշելով, որ չի եմ հասկանում՝ ինչո՞ւ է այս քաղաքականությունն իրականացվում:
Երեկ էլ մի շարք քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ նշելով, որ պետպատվերը դադարեցնելու որոշումն իրենց համար ընդունելի չէ, իսկ Առողջապահության նախարարությունից հստակ պարզաբանում չեն տալիս, թե ինչու է նման որոշում կայացվել:










