Պեկինում մեկնաբանել են Ռուսաստանի կողմից Չինաստանի քաղաքացիների մուտքի արգելքը
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ Ռուսաստանն իրենց տեղեկացրել էր կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես Չինաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ արգելելու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Ռուսական կողմն ընդգծել է, որ վճռականորեն աջակցում է Չինաստանին համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաև հավատացած է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կարող է հաղթել այս պայքարում, սակայն տեղեկացրել է, որ կանխարգելիչ միջոցառումների իրականացման և սեփական տարածքում համաճարակը վերահսկելու նպատակներով որոշակի սահմանափակող քայլեր կձեռնարկի»,-ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանը փետրվարի 20-ից ժամանակավորապես կարգելի Չինաստանի քաղաքացիների մուտքը երկիր: Խոսքը նրանց մասին է, ովքեր Ռուսաստան են մեկնում աշխատելու, սովորելու, զբոսաշրջության և մասնավոր նպատակներով:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










