Լեսոտոյի վարչապետը նախկին կնոջը սպանելու մեղադրանքներից հետո հայտարարել է հրաժարականի մասին

16:29 • 20.02.20

Աֆրիկյան Լեսոտոյի վարչապետ Թոմաս Տաբանեին մեղադրանք կներկայացնեն նախկին կնոջ` Լիպոլելո Տաբանեի սպանության գործով: Այս մասին տեղեկացնում է Eyewitness News Reporter պորտալը` հղում անելով ոստիկանության հայտարարություններին:

«Լեսոտոյի ոստիկանության կոմիսարի տեղակալ Պասեկա Մոկետեն հաստատում է, որ դատախազը պատրաստ է մեղադրանք ներկայացնել երկրի վարչապետ Թոմ Տաբանեին` Լիպոլելո Տաբանեի սպանության համար»,-տեղեկացնում է պորտալը:

Վարչապետը Radio Lesotho-ի եթերում հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը 2020 թվականի հուլիսի վերջին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ամուսնալուծության լարված գործընթացի ֆոնին 2017 թվականին Լեսոտոյի մայրաքաղաք Մասերուում` իր տան մոտակայքում, գնդակահարվել էր վարչապետի նախկին կինը` Լիպոլելո Տաբանեն: Անցյալ ամիս ոստիկանությունը պահանջել է վարչապետի ներկայիս կնոջը` Մեսայա Տաբանեին, ներկայանալ հարցաքննության, սակայն նա անհետացել է: Հետագայում նա հանձնվել է ոստիկանությանը, ապա` գրավով ազատ արձակվել:

Լեսոտոյի Թագավորությունը Հարավային Աֆրիկայի պետություններից մեկն է, որը 4 կողմից շրջափակված է Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքով: