Աֆրիկյան երկրում վարչապետի ներկայիս կնոջը կասկածում են նախկին կնոջ սպանության համար. նա կկանգնի դատարանի առաջ
Աֆրիկյան Լեսոտոյի Թագավորությունում մինչև դատի սկսվելը գրավի դիմաց բաց են թողել վարչապետ Թոմաս Տաբանեի կնոջը, որը մեղադրվում է սպանության համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ամուսնալուծության լարված գործընթացի ֆոնին 2017 թվականին Լեսոտոյի մայրաքաղաք Մասերուում` իր տան մոտակայքում, գնդակահարվել էր վարչապետի նախկին կինը` Լիպոլելո Տաբանեն: Անցյալ ամիս ոստիկանությունը պահանջել է վարչապետի ներկայիս կնոջը` Մեսայա Տաբանեին, ներկայանալ հարցաքննության, սակայն նա անհետացել է: Հետագայում նա հանձնվել է ոստիկանությանը:
Նշվում է, որ ոստիկանությունը փորձել է խանգարել գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացնելուն:
Գրավի դիմաց ազատ արձակման լուրը Reuters-ին հաստատել է մեղադրյալի փաստաբանը: Նա ավելացրել է, որ փետրվարի 6-ին Մեսայա Տաբանեն բժշկական ստուգումներ անցնելու նպատակով կուղևորվի Հարավաֆրիկյան Հանրապետություն: Սակայն դեռևս պարզ չէ` թույլ կտան արդյոք նրան լքել Լեսոտոն: Դատը նշանակված է փետրվարի 18-ին:
Լեսոտոյի Թագավորությունը Հարավային Աֆրիկայի պետություններից մեկն է, որը 4 կողմից շրջափակված է Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքով:










