Մահացել է Cut, Copy և Paste համակարգչային գործառույթները ստեղծած Լարի Թեսլերը
Միացյալ Նահանգներում 74 տարեկանում կյանքից հեռացել է ծրագրավորող Լարի Թեսլերը, որը համարվում է համակարգչային «կտրել», «պատճենել» և «տեղադրել» գործառույթների հեղինակը, հայտնում է Yahoo ինտերնետային պորտալը:
Թեսլերը 1973 թվականին սկսել է Xerox PARC գիտահետազոտական կենտրոնի հետ համագործակցությունը, որտեղ էլ, ինչպես նշվում է, հետագայում մշակվել են նաև գրաֆիկական ինտերֆեյսն ու համակարգչային մկնիկը:
«Լարի Թեսլերը եղել է Xerox ընկերության գիտաշխատողներից մեկն ու «կտրել», «պատճենել», «տեղադրել» և մի շարք այլ գործառույթների հեղինակը: Նրա հեղափոխական գաղափարների շնորհիվ ձեր աշխատանքային օրն ավելի հեշտ է անցնում: Լարին մահացել է երկուշաբթի օրը»,- ասվում է Xerox ընկերության թվիթերյան էջում տեղադրված հայտարարության մեջ:
1980 թվականին Թեսլերը սկսել է համագործակցել Apple ընկերության հետ, որտեղ մասնակցել է այնպիսի ապրանքների ստեղծման աշխատանքներին, ինչպիսիք են գրպանի համակարգիչ MessagePad-ը և անձնական համակարգիչ Lisa-ն, որը համարվում է Macintosh-ի նախորդը:
1997 թվականին Apple ընկերությունից հեռանալուց հետո, նա համագործակցել է տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների` այդ թվում նաև Amazon-ի և Yahoo-ի հետ:
Թեսլերի մահվան պատճառի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
The inventor of cut/copy & paste, find & replace, and more was former Xerox researcher Larry Tesler. Your workday is easier thanks to his revolutionary ideas. Larry passed away Monday, so please join us in celebrating him. Photo credit: Yahoo CC-By-2.0 https://t.co/MXijSIMgoA pic.twitter.com/kXfLFuOlon
— Xerox (@Xerox) February 19, 2020










