Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 28-ի

16:33 • 22.02.20

Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրը տեղեկացրել է, որ Իրանում կորոնավիրուսով վարակման ևս 10 դեպք է գրանցվել, այդպիսով երկրում վարակման դեպքերի քանակը հասել է 28-ի: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը:

«Երեկվանից մինչև այսօրվա առաջին կեսը գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք, նրանցից 8-ը Ղոմ քաղաքում, 2-ը` Թեհրանում: Այսպիսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 28-ի: Ցավոք սրտի, այսօրվա դրությամբ մահացածների թիվը հասել է 5-ի»,- տեղեկացրել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք էր գրանցվել փետրվարի 21-ին։ Ըստ երկրի Առողջապահության նախարարության տվյալների՝ կորոնավիրուսից մահացել է 4 մարդ:

Իրանում ՀՀ դեսպանատունը երեկ հայտարարություն էր տարածել՝ Իրանի տարածքում գտնվող հայաստանցիներին հորդորելով կապ հաստատել դեսպանատան հետ և հաղորդել իրենց գտնվելու վայրը։

Հիշեցնենք, որ համաճարակաբան Հովակիմ Զաքարյանը, Armnews.FM-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերին, ասել էր, որ եթե Իրանում կորոնավիրուսի դեպքեր կան, ապա այնտեղից եկող քաղաքացիների հանդեպ պետք է ավելի ուշադիր լինել, ավելի խստացնել նորմերը, մասնավորապես, վերահսկողությունը սահմանին:

«Լավ հասկանում ենք, որ Հայաստանում չկան այնպիսի միջոցներ, որոնց կիրառման դեպքում հնարավոր կլինի ասել, որ կարող ենք բացառել այդ վիրուսի մուտքը կամ տարածվելը Հայաստանում: Դրա համար պարզապես պետք է հսկողությունը մեծացնել օդանավակայանում, ցամաքային սահմանին»,-ասել է նա:

«Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ, հասարակական–քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որում անդրադարձել է կորոնավիրուսին, դրա տարածմանը, ինչպես նաև հարցեր էր բարձրացրել, թե արդյոք Հայաստանը պատրաստ է վիրուսի ներթափանցումը կանխելուն և ինչ է արվում այդ նպատակով։

Քաղաքագետ Արմեն Մինասյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝  Կառավարությանն առաջարկելով փակել Իրան-Հայաստան սահմանը՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նկատառումներով։