Ջերմադիտարկման սարքերի կիրառումը ՀՀ կորոնավիրուսի մուտքը կանխարգելող ոչ այնքան արդյունավետ մեթոդներից է. համաճարակաբան

13:28 • 22.02.20

Եթե Իրանում կորոնավիրուսի դեպքեր կան, ապա այնտեղից եկող քաղաքացիների հանդեպ պետք է ավելի ուշադիր լինել, ավելի խստացնել նորմերը, մասնավորապես, վերահսկողությունը սահմանին: Այս մասին Armnews.FM-ի հետ զրույցում ասել է համաճարակաբան Հովակիմ Զաքարյանը` անդրադառնալով Իրանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերին:

«Լավ հասկանում ենք, որ Հայաստանում չկան այնպիսի միջոցներ, որոնց կիրառման դեպքում հնարավոր կլինի ասել, որ կարող ենք բացառել այդ վիրուսի մուտքը կամ տարածվելը Հայաստանում: Դրա համար պարզապես պետք է հսկողությունը մեծացնել օդանավակայանում, ցամաքային սահմանին»,-ասել է նա:

Ինչ վերաբերում  է ջերմադիտարկման սարքերին, ապա Հովակիմ Զաքարյանը նշեց, որ նորմալ ջերմություն ունենալը դեռ չի նշանակում, որ մարդը վիրուսակիր չէ: «Մարդ կարող է վիրուսակիր լինել, սակայն դա դրսևորվի մոտավորապես երկու շաբաթ անց, և այդ  ընթացքում կարող է վիրուսը տարածել: Այդ ջերմադիտարկման սարքերը  կանխարգելման ոչ այդքան արդյունավետ մեթոդներից են, այն տարածված է ամբողջ աշխարհում, բայց մեծ արդյունավետություն չունի»,-ասել է նա:

Բժիշկը կարևորեց նաև այն, թե արդյոք ունենք համապատասխան պայմաններ վիրուսով մարդկանց ճիշտ մեկուսացման,  բուժման համար և ինչպես պետք է այդ պրոցեսը իրականացնել, որ վիրուսը չտարածվի, ինչպես կարելի է հսկել, թե այդ մարդն ում հետ է շփվել, որ վիրուսը հավելյալ չտարածվի, և ուրիշ կոնտակտների հնարավոր շղթան բացահայտվի:

«Ես տեղյակ չեմ, թե արդյոք այդ մեխանիզմն ունենք, թե ոչ, որքանով արդյունավետ կարող ենք կիրառել և չեմ կարող բացառել այն, որ այդ մեխանիզմը ընդհանրապես չկա, որովհետև մինչև այս պահը ես չեմ տեսել, չեմ մասնակցել որևէ միջոցառման, որտեղ կքննարկեն այդ մեխանիզմները»,-ասել է նա և կարևորել նաև բժիշկների պատրաստվածությունը, քանի որ սա նույնպես արտակարգ իրավիճակ է, և պետք է դրան պատրաստ լինել: