Համացանցում հայտնվել է Կանարյան կղզիների` ավազամրրիկով պատվելու տեսանյութը (տեսանյութ)
Կանարյան կղզիները պատվել են հզոր ավազամրրկով, այս մասին հայտնում է BBC լրատվականը:
Ավազի հսկայական ամպը բարձրացել է Սահարա անապատից և մինչև կղզու վրա թափվելը մոտ 500 կիլոմետր ճանապարհ անցել: Մրրիկն այնքան հզոր է եղել, որ այն անգամ ֆիքսել են Միացյալ Նահանգների օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության` ՆԱՍԱ-ի արբանյակները:
Քամու ուժգնությունը հասել է 120կմ/ժ: Տեղի բնակիչներին խորհուրդ են տվել մինչև մրրիկի ավարտը չլքել տները:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Կանարյան կղզիներում գտնվող Ֆինլանդիայի հարյուրավոր քաղաքացիներ սպասում են իրենց երկիր վերադառնալուն:
Շաբաթ օրն օդանավակայանների աշխատանքը համակարգող իսպանական Aena օպերատոր ընկերությունը հայտարարել էր Աֆրիկայից ավազամրրիկի պատճառով «Գրան Կանարիա», «Թեներիֆե Հարավային» և «Թեներիֆե Հյուսիսային» օդանավականների փակման մասին:
Կանարյան կղզիները ֆինլանդացիների համար հանգստի ամենասիրելի վայրերից են` հատկապես ձմեռային սեզոնին: Ֆինդլանդիայի կենտրոնական շրջանում երկուշաբթի օրն ավարտվել են ձմեռային արձակուրդները, և մի շարք ընտանիքներ պատրաստվում են տուն վերադառնալ:
Ավազամրրիկի ժամանակ կղզիների օդանավակայաններում գտնված օդանավերը տեխնիկական ստուգումների կարիք ունեն:
«Այս օդանավերը, իհարկե, ավազամրրիկի ժամանակ փողոցում են գտնվել: Լուսանկարներում երևում է, որ ավազն ամենուր է թափանցել»,- հայտարարել է Norwegian ավիաընկերության մամուլի ծառայության ղեկավարը YLE ֆիննական պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Aena իսպանական ընկերությունը մանրամասնում է, որ ավազամրրիկն ազդել է մոտ 822 չվերթի վրա, ուստի ուղևորներին խորհուրդ է տրվում առանց չվերթի կայացման մասին ավիաընկերություններից հաստատում ստանալու չգնալ Կանարյան կղզիների օդանավակայաններ:










