Իտալիայում կորոնավիրուսի պատճառով 4-րդ մարդն է մահացել

14:24 • 24.02.20

Իտալական Լոմբարդիա շրջանի առողջապահության հարցերով խորհրդատու Ջուլիո Գալլերան տեղեկացրել է, որ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Մենք երրորդ զոհն ունենք Լոմբարդիայում: Այս գիշեր մահացել է 84-ամյա տղամարդ, որը հոսպիտալացվել էր Բերգամո քաղաքում»,- հայտարարել է Գալլերան:

Փետրվարի 21-ի երեկոյան Իտալիայում կորոնավիրուսի առաջին զոհը դարձել էր 78-ամյա տղամարդ, որը հոսպիտալացվել էր Վենետո շրջանում:

Գալլերայի խոսքով` մահվան բոլոր դեպքերին միավորում է զոհերի մեծ տարիքը, որոնց վիճակը ծանրացնում էին այլ հիվանդությունները:

Լոմբարդիայի նախագահ Աթիլիո Ֆոնտանան տեղեկացրել է, որ դրական ախտորոշումների քանակը շրջանում հասել է 165-ի: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 205-ի:  

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 77 150-ը, որոնցից  2592-ը՝ մահվան ելքով, 24 734-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: