Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկում է հայ-իրանական սահմանը փակելու հարցը․ մինչ այդ բոլոր Հայաստան այցելողներն անցել են պահանջվող զննումները․ ԱԱՏՄ

11:48 • 24.02.20

Այսօր ԱՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը քննարկում է հայ-իրանական սահմանը փակելու հարցը: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը ներկայացրեց, որ վերջին շրջանում միջինը 700-900 անձ Մեղրիի անցակետով Հայաստան է այցելել և անցել պահանջվող զննումները։

««Մեղրիի» սահմանային անցակետով փետրվարի 20-ին 1162 անձ մուտք է գործել Հայաստան, 21-ին՝ 984, 22-23-ին որոշակիորեն հոսքը նվազել է՝ իջնելով 850-840-ի։ Բոլորն էլ անցել են ջերմաչափում, կասկածելի հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշանանների առկայության զննում»,- ասաց նա և հավելեց, որ փետրվարի 24-ի դրությամբ՝ միջին թիվը կրկին մոտ 800 է։

«Միջգերատեսչական հանձնաժողովի՝ սահմանային անցակետը փակելու վերաբերյալ որոշումից հետո ենթադրվում է, որ թվերը կտրուկ կփոխվեն»,- հավելեց Լիանա Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 43-ի, որից 8-ը մահացու ելքով: