«Ասես հանցանքի վայր լինի». Անտարկտիկայում ուկրաինական կայանի մոտ ձյունը վարդագույն երանգ է ստացել (լուսանկարներ)
Անտարկտիկայում ուկրաինական «Ակադեմիկոս Վերնադսկիյ» կայանի մերձակայքում ձյունը վարդագույն երանգ է ստացել: Գիտնականները բացատրել են ձնածածկույթի անսովոր գույնի պատճառը: Համապատասխան պարզաբանումը հայտնվել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության ֆեյսբուքյան էջում:
«Ձյան հետաքրքիր գույնը պայմանավորված է մանրադիտակային չափերի ջրիմուռներով: Մեր գիտնականները մանրադիտակով ուսումնասիրությունից հետո հայտնել են, որ դրանք Chlamydomonas nivalis տեսակի ջրիմուռներ են»,- ասվում է պարզաբանման մեջ:
Հաղորդվում է նաև, որ ջրիմուռները բազմանում են սպորներով, որոնք չեն վախենում ծայրահեղ ջերմաստիճանից և պահվում են ձյան ծածկույթի տակ ամբողջ ձմռան ընթացքում: Երբ եղանակային պայմանները դառնում են բարենպաստ, սպորները սկսում են ի հայտ գալ:
Օգտատերերից շատերը, մեկնաբանելով լուսանկարը, նկատել են, որ կարմիր ներկյված ձյունը սարսափազդու տեսք ունի:
«Ասես հանցանքի վայր լինի»,- հայտնել է օգտատերերից մեկը:













