Մոնղոլիայի նախագահը կորոնավիրուսի դեմ պայքարող Չինաստանին որպես աջակցություն 30 000 ոչխար է նվիրել

17:39 • 27.02.20

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բատուլգան ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ Չինաստանին 30 000 ոչխար է նվիրել, հայտնում է cgtn.com կայքը: 

Խալթմաագիյն Բատուլգան պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում: Պեկինի ազգային ժողովների տանը հինգշաբթի ունեցած բանակցություններից հետո նա կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարող Չինաստանին որպես աջակցություն 30 000 ոչխար նվիրելու մասին վկայագիր է հանձնել Սի Ցզինփինին:

ՉԺՀ ղեկավարը շնորհակալություն է հայտնել դժվար պահին Չինաստանի կողքին լինելու համար և նշել է, որ Չինաստանը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Մոնղոլիայի նախագահը Չինաստանից վերադառնալուց հետո 14 օր կանցկացնի կարանտինում: