Թուրք նախարարը տեղեկացրել է, որ թուրքական բանակը կրակ է բացել սիրիական ուժերի 200-ից ավելի դիրքերի ուղղությամբ և «ոչնչացրել» սիրիացի 329 զինծառայողի

15:34 • 28.02.20

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մանրամասներ է ներկայացրել վերջին ժամերին սիրիական Իդլիբում թուրքական բանակի գործողությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Այսպիսով` Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իդլիբում երեկ սիրիական բանակի հարձակումից հետո թուրքական բանակի կողմից կրակ է բացվել Սիրիայի կառավարական ուժերի ավելի քան 200 դիրքերի ուղղությամբ, իսկ 329 սիրիացի զինծառայող «չեզոքացվել» է օդային և ցամաքային ուժերի միջոցով: Աքարի խոսքով` թուրքերը ոչնչացրել են 5 ուղղաթիռ, 10 զրահամեքենա, 23 հրանոթ, զինամթերքով լի 5 մեքենա, 3 զինամթերքի պահեստ, 2 պարենային պահեստ և շտաբի մեկ շենք:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:

«Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:

Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:

Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: