Էրդողանն Իդլիբում ստեղծված իրավիճակը կքննարկի Թրամփի, Մակրոնի, Մերկելի և Ջոնսոնի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Իդլիբի հարցով հեռախոսային բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը` հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունին:
«Մեր նախագահն այսօր բանակցություններ կանցկացնի Մակրոնի, Մերկելի, Ջոնսոնի և Թրամփի հետ»,-հայտարարել է Ալթունը:
Նա նշել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են որքան հնարավոր է շուտ հանդիպել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, սիրիական օդուժի հարվածների հետևանքով Թուրքիան Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Յումիթ Դյունդարի և ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչուքաքյուզի հետ միասին մեկնել է թուրք-սիրիական սահման, որտեղից ղեկավարում է թուրքական բանակի գործողությունները սիրիական Իդլիբում:
Սիրիական Իդլիբում տեղի ունեցածին անդրադարձել է ԱՄՆ-ն:
Պետդեպարտամենտում ընդգծել են, որ ԱՄՆ-ն «աջակցում է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին», և կոչ են արել անհապաղ դադարեցնել «Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցություն ստացող ուժերի հարձակումները»:
Կատարվածին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքըն` հայտարարելով, որ «Անկարան դաժան վրեժ կլուծի Ռուսաստանից Իդլիբում ավիահարվածների համար», որոնց ժամանակ 30-ից ավելի թուրք զինծառայող է մահացել:
Մեկնաբանությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարարությունը, որն աջակցում է Սիրիայի կառավարական բանակին: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ փետրվարի 27-ին սիրիական բանակի բացած կրակի տակ հայտնված թուրք զինծառայողները գտնվում էին հարձակումներ կատարած գրոհայինների շարքերում:










